ԱԺ ընտրություններում ՀՀԿ օգտին ձայներ հավաքագրելու սկանդալը շատ թանկ է նստել դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների վրա: Ճիշտ է՝ հայաստանյան իրավապահ համակարգն աչք փակեց այդ աղմուկի վրա, եւ ՀՀԿ օգտին իրենց պաշտոնեական դիրքն օգտագործած տնօրեններն անպատիժ մնացին, սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ նրանք խնդիր են ունենալու օտարերկրյա պետությունների հետ, եթե որոշեն դիմել համապատասխան դեսպանատներ՝ արտերկիր մեկնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՀՀ-ում օտարերկրյա մի քանի պետությունների դեսպանատներ այդ սկանդալը բացահայտած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ից խնդրել են իրենց տրամադրել դպրոցի եւ մանկապարտեզների տնօրենների անունների ամբողջական ցանկը: Կազմակերպությունն էլ, բնականաբար, տրամադրել է հետաքրքրող տեղեկությունը: Թե ինչո՞ւ են դեսպանատներն ուզել այս տնօրենների անունները, դժվար չէ ենթադրել. նրանց անունը կհայտնվի սեւ ցուցակում, եւ այդ երկրները կարգելեն ընտրակեղծարարների մուտքն իրենց երկիր` մերժելով վիզայի տրամադրումը:
Հիշեցնենք, որ 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ` տեղեկացնելով. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաեւ կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»: Հիմա, փաստորեն, դեսպանատները պատրաստվում են վարվել ԱԺ ընտրությունների ժամանակ «աչքի ընկածների» հետ:
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, որ նախօրեին «անհաջողակ» անվանեց ծխող մարդկանց, ազդարարելով Հայաստանում ծխելու դեմ պայքարի մասին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե կարգը խախտելու դեպքում կտուգանի անգամ Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ»-ը երեկ Ալթունյանին հարցրեց` արդյո՞ք ծխելն արգելելու է նաեւ Սերժ Սարգսյանին.«Ոչ մի անհատին, առավելապես նախագահին հնարավոր չէ ինչ-որ բան արգելել կամ թույլ տալ: Մարդն ինքն է որոշում՝ ծխի, թե չծխի»,- եղավ պատասխանը: Իսկ հարցին` եթե Սերժ Սարգսյանը ծխի չթույլատրվող տարածքում, տուգանելո՞ւ եք նրան, Ալթունյանը դրական պատասխանեց՝ իհարկե: Մյուս կողմից, սակայն, նախարարը փորձեց խմբագրել «անհաջողակների» մասին նախօրեի հայտարարությունները: «Ես բառացիորեն տենց բան չեմ ասել: Ես ասել եմ, որ ամբողջ աշխարհում ծխելն անհաջողակ լինելու նախանշաններից մեկն է»,- պնդեց նա: Տպավորություն է, որ Ալթունյանը սկզբում խոսում է, հետո՝ մտածում: Այդպես եղավ նաեւ ծննդկաններին «մորգ ուղարկելու» հարցում:
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է մոտ 30 տոկոս, ՀՀ որոշ գերատեսչություններ շարունակում են ճոխ գնումներ կատարել: Այդպիսի օրինակ է Երեւանի քաղաքապետարանը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ քաղաքապետարանն այս տարի գնել է բրոնզե առյուծի արձանիկներ, թվով 4 հատ՝ այդ նպատակով ծախսելով 292 հազար դրամ (յուրաքանչյուր արձանիկը` 73 հազար դրամ արժեքով):Բացի այդ՝ այս տարի քաղաքապետարանը ղեկավարի մեկ բազկաթոռի համար քաղաքային բյուջեից ծախսել է 300 հազար դրամ, եւ մոտ 2.2 մլն դրամ էլ` գրապահարաններ, կողապահարաններ, աթոռներ եւ այլ գույք գնելու համար: Եւ, վերջապես, քաղաքապետարանի աշխատակազմին համապատասխան տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով ընթացիկ տարվա համար 18 հատ ավտոմեքենա է վարձակալվել, ընդհանուրը` 90 մլն 720 հազար դրամ արժեքով: Այսինքն՝ խնայողությունների մասին բարձրաձայնումները Տարոն Մարգարյանի համար ընդամենը «քամի տատանելու» նման մի բան են:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի մշտական բնակչության թիվն ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 981.5 հազար հոգի, մինչդեռ նախորդ տարի մշտական բնակչությունը շատ էր 12.9 հազարով: Նկատենք, որ այս ցուցանիշն ամբողջությամբ չի բացահայտում արտագաղթի ծավալները, եւ երկրում ապրող մարդկանց իրական թիվը կարելի է իմանալ միայն մարդահամարի արդյունքում, երբ հրապարակվի առկա բնակչության ցուցանիշը: Բայց այլ ոլորտների ցուցանիշների համադրմամբ կարելի է գրեթե ճշգրիտ պատկերացում կազմել բնակչության թվի մասին: Այս հարցում օգնության կարող է հասնել, օրինակ, հացի արտադրության ծավալների վերլուծությունը: Պարզվում է` 1998թ. Հայաստանում արտադրվել է 373 հազար տոննա հաց, 2006թ. հացի արտադրության ծավալները կազմել են 295 հազար տոննա, իսկ նախորդ տարի արտադրվել է 277.9 հազար տոննա հաց: Հանրահաշվական մի քանի պարզ գործողությունների միջոցով կարող ենք պարզել, որ Հայաստանում հիմա բնակչության թիվը 2 միլիոնի հազիվ է հասնում: Իսկ Սերժ Սարգսյանը խոսում է 4 մլն բնակչություն ունենալու ծրագրից:
ՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ ԵՆ
ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության երեկվա նիստում անդրադարձել է պետական դրամաշնորհների թեմային՝ հայտարարելով, որ պետք է ուժեղացնել դրանց ծախսման վերահսկողությունը: Հարությունյանի խոսքերով՝ այսուհետ դրամաշնորհներ ստացողները ստիպված կլինեն ոչ միայն հրապարակել իրենց կազմակերպությունների անունները, այլեւ ծրագիրը, որի համար դրամաշնորհ են ստացել, իսկ ծրագրի ավարտից հետո՝ արված աշխատանքի հաշվետվությունը:
Վերջապես սայլը տեղից շարժվեց. Հայաստանի իշխանություններն արդեն խոսում են այս ոլորտում վերահսկողության կոնկրետ մեխանիզմների ներդրման մասին, մի երեւույթ, որը նախկինում չի եղել: Դեռ ավելին՝ օտարերկրյա դրամաշնորհների վրայից գումար «թռցնելը» նույնիսկ յուրօրինակ պարտականություն է եղել` խելքի, հնարամտության եւ ճարպկության վկայություն:
Միայն թե, ակնհայտ է, որ վերահսկողական մեխանիզմների ներդրմանն իշխանություններն ինքնակամ չեն գնացել, այլ ԵՄ-ի պարտադրանքով, այն բանից հետո, երբ բացահայտվեց դրամաշնորհների յուրացման հայտնի սկանդալը: Հիշեցնենք` նախորդ տարվա փետրվարին պաշտոնական հաղորդագրություն եղավ ԵՄ հատկացված դրամաշնորհի գումարներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու առթիվ քրեական գործ հարուցելու մասին: ԵՄ հատկացրած դրամաշնորհներից գումարներ յուրացնելու եւս մեկ քրեական գործ էլ հարուցվեց աշնանը, եւ խոսքը մի քանի հարյուր հազար դոլարի յուրացման մասին է:
Հատկանշական է, սակայն, փաստը, որ այդ քրեական գործերը ոչ թե բացահայտվել էին Հայաստանի իրավապահների նախաձեռնությամբ, այլ իրականությունը ջրի երես հանելուն հետամուտ էր եղել ԵՄ-ն: Ընդ որում, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը կասկածելի փաստերը նախ ուսումնասիրել էր միջազգային մասնագիտացված կառույցների հետ, ու երբ հիմնավորվել էին յուրացման դեպքերը, նոր միայն թղթապանակները փոխանցել էին Հայաստանի իրավապահներին: «ԵՄ պատվիրակությունը տվալները փոխանցել է մեր մասնագիտացված կառույցին: OLAF-ը իրականացրել է այդ դեպքերի հետ կապված սեփական, ներքին վերլուծությունը, կատարել որոշակի եզրահանգումներ»,- ասել էր ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկին ու հավելել, թե ԵՄ կազմում գործող այդ անկախ հակակոռուպցիոն մարմինն իր գործունեությամբ կարող է օրինակ լինել Հայաստանի համար, նրանք նաեւ առաջարկություններ են ուղարկել ՀՀ քննչական կոմիտե, որպեսզի սկսվի պաշտոնական հետաքննություն:
Եւ ահա այսքանից հետո ԵՄ-ն Հայաստանի իշխանություններին ստիպել է նաեւ բոլոր հնարավոր միջոցներով չեզոքացնել դրամաշնորհները յուրացնելու մեխանիզմները: