ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հանդիպել են Ադրբեջանի ղեկավարության հետ: Ադրբեջանական կայքերը հայտնում են, որ երկրի դիրքորոշումն այս հարցով հայտնի է, և այն ներկայացված է բոլոր միջազգային կառույցներին:
ԱՊԱ գործակալությանը մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը` Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովը հայտնել է, որ դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, փախստականները պետք է վերադառնան իրենց տները:
«Իհարկե, մենք հասկանում ենք փոխզիջում ասվածը, միջազգային կազմակերպությունների և Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչների դիրքորոշումն այս հարցով: Բայց հիմնական հարցը մնում է տարածքային ամբողջականությունը: Մենք երբեք չենք հրաժարվի դրանից: Նախագահ Ալիևը բազմիցս է հայտարարել, որ Ադրբեջանը մի թիզ անգամ չի զիջի երբեք և ոչ մեկին», – նշել է նա:
Հասանովն ասել է, որ այցն ուղղված է կողմերի դիրքորոշումների ճշգրտմանը: «Մենք կարծում ենք, որ ցանկացած ձևաչափով անցկացված հանդիպումը նպաստում է ընդհանուր մոտեցումների որոնմանը: Դրանք վաղ, թե ուշ կգտնվեն, հակառակ պարագայում՝ պատերազմ կլինի, ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների ազատագրում»,- սպառնացել է նա: