Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելու առաջին իսկ օրերից սկսած խոստանում էր Հայաստանում ավելացնել ներդրումների ծավալը եւ այդ կերպ առողջացնել ծայրահեղ վիճակում գտնվող ՀՀ տնտեսության վիճակը: Ենթադրվում էր, որ «հիվանդին» փրկելու համար Ռուսաստանից Հայաստան շտապած Կարապետյանին պարզերես կանի հենց Ռուսաստանը, մասնավորապես այդ երկրում հաջողությունների հասած ազգությամբ հայ գործարարները կաջակցեն նրան այդ գործում: Բայց արի ու տես, որ առաջխաղացման փոխարեն Ռուսաստանն այդ գործընթացում հետընթաց է գրանցել եւ նվազեցրել ներդրումների ծավալը:
Ինչո՞վ է բացատրվում այդ հանգամանքը, եւ ի՞նչ է նշանակում օֆշորային գոտի համարվող երկրներից եկած ներդրումների հաշվին այդ ցուցանիշի ավելացումը:
«Ժողովուրդ»-ի զրուցակիցը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն է:
-Պարո՛ն Կարայան, այս կառավարությունը ձեւավորման առաջին իսկ օրերից հավաստիացրեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանում բազմաթիվ ներդրումային ծրագրեր իրականացվեն, եւ այդ ծրագրերի միջոցով նպաստեք բնակչության բարօրությանը: Բայց արդյունքներ չկան, չնայած այն հավաստիացումներին, որ ներդրումներ են անընդհատ իրականացվում:
-Իսկ ո՞վ է ասում, որ չկան:
-Դրանց արդյունքը հասարակությունը չի զգում իր մաշկի վրա: Այդ փաստը վարչապետը արդարացրել է այն հավաստիացմամբ, որ աճը կրիտիկական կետի պետք է հասնի, որպեսզի որակական փոփոխություն լինի: Ինչեւէ: Իսկ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ 2016 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշի համեմատությամբ Հայաստանի հիմնական գործընկեր Ռուսաստանը նվազեցրել է իր ներդրումների ծավալը: Այլեւս չի՞ վստահում Հայաստանին:
-Դուք ճիշտ չեք մեկնաբանում թվերը, որովհետեւ 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ 2017 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով օտարերկրյա ուղղակի ներդրումները, կարելի է ասել, մոտ 30-40 տոկոսով աճել են:
-Պարո՛ն Կարայան, խոսքս միայն Ռուսաստանի կողմից կատարված ներդրումների մասին է, որոնք նվազել են՝ ըստ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների: Իսկ ընդհանուր ներդրումների ցուցանիշն աճել է օֆշորային երկրներից արված ներդրումների, օրինակ, Ջերսիից եկած ներդրումների հաշվին:
-Ոչ միայն:
-Դուք ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ օֆշորային գոտի համարվող երկրներից են հիմնական ներդրումները կատարվում: Ամենատարբեր պաշտոնյաներ նախորդ տարիներին Հայաստանից հանված գումարնե՞րն են վերադարձնում Հայաստան:
-Ես աշխարհագրության մասին դեռ չեմ կարող ասել, վերլուծություն կանենք եւ Ձեզ կպատասխանենք, բայց ամենակարեւորն այն է, որ բազմազանությունը այն երկրների, որ ներդրում են անում Հայաստանում, մեծացել է,
-Այնուամենայնիվ, հիմնական հարցն այն է, թե ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի կողմից կատարվող ներդրումների ցուցանիշի նվազումը: Չէ՞ որ մշտապես հույսներս նման դեպքերում հենց այդ երկրի հետ ենք կապում:
-Եկեք ճիշտ փաստերն արձանագրենք: Եթե առաջ հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից էին ներդրումները գալիս, հիմա այն երկրները, որտեղից որ ներդրումներ են գալիս Հայաստան, ավելի դեֆիրցիկացվել են: Ավելի շատ երկրներից են հիմա ներդրումներ գալիս Հայաստան, որն ավելի լավ է, քան որ մի երկրից գա: Սա ընդամենն առաջին եռամսյակի արդյունքներն են:
-ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նախօրեին հայտարարել է, որ եթե Հայաստանում կոռուպցիան չստանա արժանի պատասխան, ապա դժվար թե Եվրամիությունից հնարավոր լինի սպասել էական ներդրումներ ՀՀ տնտեսությունում: Ըստ ԱՎԾ-ի ներկայացրած տվյալների՝ ԵՄ անդամ երկրներից ՀՀ եկող ներդրումների հոսքը հիմնականում նվազել է: Կոռուպցիան չունի արժանի պատասխան դրա համա՞ր:
-Որովհետեւ մենք դեռեւս վերցնում ենք ընդամենն առաջին եռամսյակի ցուցանիշները: Ես վստահաբար կարող եմ ասել, որ ուղղակի ներդրումներն աճել են:
-Պարո՛ն Կարայան, գործադիրը շարունակում է վաճառքի հանել պատմամշակութային արժեք ունեցող շինությունները: Այդքան վատ վիճակո՞ւմ ենք, որ այլ գումարային հոսքեր չկան:
-Ո՛չ, ո՛չ, նման բան չկա:
-Եւ վերջում՝ իսկ ի՞նչ եղավ Հայաստանի ներդրողների ակումբի հետ: Արդյունք տալի՞ս է այդ ակումբը, թե՞ ՀՀ-ում գտնվող բազմաթիվ անարդյունավետ խորհուրդների նման մնացել է թղթի վրա:
-Իհարկե, տալիս է, բնականաբար: Իրենք ծրագրեր են ուսումնասիրում եւ մոտ ժամանակներս ներդրումներ կիրականացնեն:
ԱԼԹՈՒՆՅԱՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԷԼ ԿՏՈՒԳԱՆԻ
Նախօրեին ծխողների դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի այն հայտարարությունը, որ այս տարի օրենսդրական խիստ փոփոխություններ են լինելու, ինչի արդյունքում արգելվելու է ծխելը հասարակական վայրերում, լուրջ դժգոհությունների եւ քննադատությունների տեղիք տվեց, թեեւ եղան բազում մարդիկ, ովքեր ողջունեցին այս նախաձեռնությունը:
Հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց նախարարի հատկապես այն արտահայտությունը, որն ըստ էության նշանակում էր՝ բոլոր ծխողներն անհաջողակներ են: Նա հայտարարեց. «Եթե մենք ուզում ենք հաջողակ ազգ ու բիզնեսմեն, ծնողներ լինենք, ուրեմն պիտի հաջողակ լինելու նախանշանները մեզ հարմարեցնենք:…Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ծխելն անհաջողակ լինելու նախանշան է»:
Եթե նկատենք, որ Հայաստանում մեծ թվով պաշտոնյաներ եւս ծխում են, ապա նշանակում է, որ ունենք անհաջողակների իշխանություն: Ինչպե՞ս են պատրաստվում լուրջ դժգոհությունների մթնոլորտում իրականացնել այս նախաձեռնությունը եւ ի՞նչ մեխանիզմներ են կիրառելու՝ հատկապես պաշտոնյաներին ստիպելու համար թողնել ծխելը. այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ:
-Պարո՛ն Ալթունյան, ծխելու դեմ ուղղված Ձեր նախաձեռնությունը դեռեւս չեք սկսել իրականացնել, բայց արդեն բավականին քննարկումների եւ դժգոհությունների առիթ է տվել: Նախ՝ սպասո՞ւմ էիք այսպիսի արձագանք:
-Հասկանալի է, որ դա կանխատեսելի էր, չէ՞:
-Այդ նախաձեռնությունից շատ դժգոհողներ համառորեն բարձրաձայնում են, որ անկախ ամեն ինչից՝ իրենք իրավունք ունեն ծխելու եւ այդպես էլ վարվելու են: Ինչպե՞ս եք պատրաստվում իրականացնել այդ նախաձեռնությունը՝ հաշվի առնելով բարձրացված դժգոհությունների մեծ ալիքը:
-Նոր բան չենք հնարելու: Երեւի թե նույն ձեւի, ինչ որ ամբողջ աշխարհը:
-Հայտարարվել է, որ 10 հազար դոլար կտուգանվեն այն քաղաքացիները, ովքեր չեն ենթարկվի օրենքի պահանջին: Կարծում եք՝ կկարողանա՞ք այդպիսի միջոցներով վախեցնել հասարակությանը:
-Այդ միջոցառումը շատ մեծ հաջողություն է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Մենք ուղղակի կառաջարկենք կրկնօրինակել:
-Մտածե՞լ եք, թե ինչպես են այդքան գումար վճարելու առանց այդ էլ աղքատության բարձր ցուցանիշով աչքի ընկնող Հայաստանի քաղաքացիները:
-Ուրեմն թող չծխեն:
-Ըստ էության Դուք հայտարարել եք, որ ծխողներն անհաջողակներ են: Մեր պաշտոնյաներից շատերը ծխում են, ուրեմն անհաջողակների իշխանությո՞ւն է:
-Ես բառացիորեն տենց բան չեմ ասել: Ես ասել եմ, որ ամբողջ աշխարհում ծխելն անհաջողակ լինելու նախանշաններից մեկն է:
-Դուք թերեւս նկատել եք, որ կառավարության ամեն նիստից առաջ գործադիրի անդամները ծխում են վերեւում: Նրանց դեմ ինչպե՞ս եք պայքարելու, ինչպե՞ս եք անելու, որ չծխեն:
-Ես էլ էի ծխում ժամանակին: Հիմա Ձեզ ի՞նչ է պետք, որ հասարակությունը թարգի՞ ծխելը, թե՞ ոչ: Եթե ուզում եք, որ թարգեն, ապա պետք է ասեք՝ քիչ ես առաջարկում, ավելի շատ պետք է առաջարկես:
-Իհարկե, բոլորն էլ առողջ ապրելակերպի կողմնակից են, եւ շատ-շատերն են կողմ, որ թողնեն ծխելը: Բայց գլխավորը այդ հարցին ճիշտ մոտենալն է: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը եւս ծխում է: Նրան կարողանալո՞ւ եք արգելել, որ չծխի:
-Ոչ մի անհատին, առավելապես նախագահին, հնարավոր չէ ինչ-որ բան արգելել կամ թույլ տալ: Մարդն ինքն է որոշում՝ ծխի, թե չծխի:
-Հիմա եթե Սերժ Սարգսյանը ծխի չթույլատրվող տարածքում, տուգանելո՞ւ եք նրան:
-Իհարկե:
-Ինչպե՞ք եք պայքարելու, որ արտոնյալներ չլինեն:
-Դա հեծանիվ հնարել չէ: Աշխարհն ունի այնպիսի կանոնակարգեր, որոնք պետք է ներդրվեն մեզ մոտ:
-Այնուամենայնիվ, կարծում եք՝ կհաջողվի՞ Ձեզ հասնել արդյունքի:
-Ես կարծում եմ մեզ՝ հայերիս մոտ ամեն ինչ կհաջողվի:
Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«ՉԵՆՋԵՐԸ» ԿՎԵՐԱՆԱ՞Ն
Տեւական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում Հայաստանում տարադրամի փոխանակման կետերը փակելու, ասել է, թե վերացնելու մասին: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցներից: Նրանք մտահոգված են, քանի որ համոզված են, որ առաջիկայում տարադրամի փոխանակում իրականացվելու է միայն հայաստանյան առեւտրային բանկերում:
«Ժողովուրդ»-ը տարադրամի փոխանակման կետերը փակելու հարցի առնչությամբ դիմեց ՀՀ կենտրոնական բանկ, որտեղից պատասխանեցին, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է
Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Ազնավուր» համերգը: Համերգին ներկա են գտնվել նաեւ Սերժ եւ Ռիտա Սարգսյանները: Սակայն մինչ համերգի սկսվելը, թատրոնի երկու մուտքերի մոտ անհարմար իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքացիները, որոնք եկել էին Ազնավուր վայելելու, տոմսերը ձեռքներին՝ ավելի քան 30 րոպե մնացել են մուտքերի մոտ կանգնած, քանի որ Սերժ Սարգսյանի թիկնազորը շրջափակել է թատրոնի ե՛ւ ծառայողական, ե՛ւ կենտրոնական մուտքերը: Իսկ մարդիկ 15 հազար դրամ գումար են տվել, որպեսզի ներկա գտնվեն համերգին: Նրանք նույնիսկ սպառնացել են պատռել տոմսերը: Բարեբախտաբար, ի վերջո, թույլ են տվել հանդիսատեսին ներս մտնել:
ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
ՀՀ վերահսկիչ պալատի՝ բոլորովին վերջերս նշանակված Աբրամ Բախչագուլյանը պաշտոնը ստանձնելու հայտարարագիր է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա ունի մեկ հողամաս եւ հասարակական նշանակության մեկ շինություն: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` չունի տուն, բնակարան: Փոխարենը ունի Ford Transit 100 2.4 մակնիշի մեկ բեռնատար ավտոմեքենա: Բացի այս՝ Բախչագուլյանը հայտարարագրել է, որ երկու ընկերությունում ունի 50 եւ 25 հազար դրամի բաժնեմաս: Իսկ Բախչագուլյանի դրամական միջոցները կազմում են 150 հազար դոլար, 2 մլն դրամ եւ 20 հազար եվրո: Նա որպես եկամուտ հայտարարագրել է վարձակալությունից ստացած 3 մլն 160 հազար դրամը եւ 430 հազար դրամի չափ աշխատավարձը: Այս ամենը նա կուտակել է բացառապես պետական պաշտոնյա լինելով:
Հիշեցնենք, որ Բախչագուլյանը մինչ այս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է եղել, ապա` գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ պետ, որտեղից վատ աշխատելու պատճառով հեռացրին: Հետաքրքիր է, թե ՎՊ-ում ինչպես իրեն կդրսեւորի նախկին ընտրակեղծարարը: