Ապրիլի 2-ին ԱԺ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրախախտում իրականացրած անձինք շարունակում են դիմել քաղաքական ուժերին, որպեսզի իրենց նկատմամբ դատարանը մեղմ պատիժ սահմանի: Եվ ինչպես ցույց է տալիս իրավիճակը՝ ընտրախախտում իրականացրած անձանցից որեւէ մեկը չհայտնվեց ճաղերի հետեւում:
Եվ այսպես՝ մայիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնել էր, որ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում արձանագրված դեպքերով հարուցվել է 19 քրեական գործ, որոնցից միայն 12-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերի համար, 3 գործ էլ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար:
Անցնող երկու ամիսների ընթացքում 13 քրեական գործերով նախաքննությունը ավարտվել է, եւ քրեական գործերը ուղարկվել են դատարան:
Նկատենք, որ ընտրախախտում իրականացրած անձինք, որոնք այդ քայլին գնացել էին հանուն որեւէ քաղաքական ուժի, շարունակում են նրանց կողմից անտեսված մնալ: Բոլոր քաղաքական ուժերը ձեռքները լվացել են ու չեն ցանկանում որեւէ կերպ պատասխանատվություն կրել իրենց օգտին կրկնակի քվեարկության փորձ արած ու «բռնված» քաղաքացիների համար:
Շատ ընտրողներ ճանապարհներ են փնտրում՝ իրենց սիրելի քաղաքական ուժի ղեկավարների հետ հանդիպելու համար, որպեսզի երաշխիքներ ստանան, որ գոնե ազատազրկման չեն դատապարտվի, բայց անօգուտ: Քաղաքական ուժերը անգամ պատրաստակամություն չեն հայտնում իրենց համար կրկնակի քվեարկության փորձ արած քաղաքացիներին հասցեագրված տուգանքները վճարել:
Սա, իհարկե, կանխատեսելի էր, քանի որ ժողովրդավարության ուղին բռնած մեր երկրում դժվար թե գտնվի որեւէ քաղաքական ուժ, որը կխոստովանի, որ մարդկանց ստիպել, հորդորել կամ խնդրել է կրկնակի քվեարկել: Բայց քանի որ գլոբալ իմաստով ՀՀ գործող իշխանությունը քաղաքական հրահանգ է տվել որեւէ ընտրակեղծարարի խիստ չդատել, հետեւաբար բոլոր պատիժները ամփոփվում են մեղմ «տոնայնության» մեջ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում գրանցված ընտրախախատումների դեպքով երեք վճիռ է հրապարակվել.
Արարատի մարզի բնակիչ Սիրվարդ Թովմասյանը Նոր Խարբերդ գյուղի թիվ 1 դպրոցում տեղակայված թիվ 11/41 տեղամասում ընտրության էր գնացել առավոտյան ժամը 10:02-ի սահմաններում, սակայն այդքանով չի բավարարվել եւ նույն ընտրատեղամաս էր գնացել նաեւ ժամը 14:00-ի սահմաններում եւ ցանկացել էր կրկին ընտրություն կատարել, սակայն նույնացնող սարքի ազդանշանը միացել էր, եւ նա հնարավորություն չէր ունեցել կրկնակի քվեարկություն իրականացնել: Այս արարքի համար Սիրվարդ Թովմասյանը ազատազրկման դատապարտվեց 2 տարի ժամկետով, սակայն նրա պատիժը պայմանականորեն չկիրառվեց:
Լոռու մարզի բնակիչ Բավական Բարսեղյանը, որ «Ծառուկյան» դաշինքի անդամ էր, կրկնակի քվեարկության փորձ էր կատարել, սակայն նույնացնող սարքի ազդանշանը միացել էր: Մեզ հետ զրույցում Բավական Բարսեղյանը հայտնել է, թե չի հասկացել՝ իր հետ ինչ է կատարվել, ու գնացել է այդ քայլին: Վերջինիս Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ազատազրկման դատապարտեց 2 տարի ժամկետով, սակայն պատիժը կրկին պայմանականորեն չկիրառվեց:
Իսկ ահա Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ, ՀՅԴ անդամներ Նորայր Շահնազարյանը եւ նրա որդին՝ Հայկ Շահնազարյանը, Կապան քաղաքի 35 ընտրատարածքի մոտ ծեծի էին ենթարկել նույն քաղաքի բնակիչ Մասիս Փարսադանյանին: Այս արարքի համար հորն ու որդուն մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարվեց՝ Նորայր Շահնազարյանին եւ նրա որդուն՝ Հայկ Շահնազարյանին, տուգանելով 50 հազար դրամի չափով:
Այսպիսով՝ քաղաքական ուժերն իրենց օգտին ընտրակեղծարարության դիմած «նվիրյալներին» մենակ չեն թողել եւ ըստ էության այնպես արեցին, որ նրանցից որեւէ մեկը չհայտնվի ճաղերի հետեւում: Իսկ թե մյուս «ընտրակեղծարար նվիրյալների» ճակատագիրը ինչ կլինի, արդեն կարելի է կանխատեսել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐՆ ՈՒ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ
Ինչպես հայտնի է՝ մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը Երեւանի եւ ՀՀ մարզերի 136 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրություններ հրապարակեց, որտեղ նրանք ներկայացնում են, թե ինչպես են ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ձայներ հավաքագրել Հանրապետական կուսակցութան համար: Այս աղմկալի դեպքը հետաքրքիր ընթացք է ստանում:
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչները զանգահարել էին հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների թվով 136 տնօրենների եւ ներկայանալով Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ներկայացուցիչ՝ հետաքրքրվել հավաքագրվող ցուցակների մասին: ՀՀ մարզերի եւ Երեւանի 84 դպրոցների, 30 մանկապարտեզների տնօրեններ մանրամասն պատմել էին իրենց հավաքագրած ցուցակների մասին: ՀԿ-ն պարզել էր նաեւ, որ ցուցակներում հիմնականում երեխաների ծնողներն են: Անգամ Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենն անկեղծացել էր ՀԿ ներկայացուցչի մոտ, թե ինչպես է վախեցրել մարդկանց՝ ՀՀԿ-ին ընտրելու համար: Թեեւ ՀՀ գլխավոր դատախազությունը Գյումրու թիվ 37 դպրոցի մասով քրեական գործ հարուցեց, սակայն ավելի ուշ քրեական գործը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով: Այդ օրերին Երեւանի քաղաքապետարանում դպրոցի եւ մանկապարտեզների տնօրեններին հավաքեցին, «դուխ տվեցին», որ չվախենան ձայնագրությունների հրապարակայնությունից, եւ եթե անհրաժեշտ լինի, անպայման նշեն, որ ձայների հավաքագրմամբ զբաղվել են ոչ աշխատանքային ժամերին, այլ 18:00-ից հետո:
Ու քանի որ ներհայաստանյան օրենքները չեն գործում, երբ բանը հասնում է իշխանությունների վերարտադրությանը, Հայաստանի ժողովրդավարացմամբ խիստ մտահոգ մի քանի դեսպաններ «խառնվել են» գործին:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ՀՀ-ում մի քանի դեսպանատներ Դանիել Իոաննեսյանի ղեկավարած կազմակերպությունից խնդրել են իրենց տրամադրել դպրոցի եւ մանկապարտեզների տնօրենների անունների ամբողջական ցանկը, որոնք ձայն են հավաքել ՀՀԿ-ի համար: Բնականաբար, այդ ցուցակը ՀԿ-ն տրամադրել է դեսպանատներին:
Ըստ էության դեսպանատները դպրոցի եւ մանկապարտեզի տնօրենների անունները ցանկացել են ունենալ, որպեսզի հետագայում նրանց եվրոպական երկրներ մեկնելու համար անհրաժեշտ վիզաներ չտրամադրվեն: Կամ էլ տարատեսակ օգնություններ բաշխելու ժամանակ կեղծարար տնօրենները «մասնաբաժին» չունենան:
Ու ստացվում է, որ գործող իշխանության համար ձայներ հավաքած տնօրենները խրախուսվեցին իշխանությունների կողմից, սակայն «դրսի հետ» պրոբլեմներ ունեն:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
Հայաստանի նախաքննական մարմիններն այսուհետեւ ստիպված են լինելու ցանկացած գործով հիմնավորել կալանքի անհրաժեշտությունը, հակառակ դեպքում կունենանք Հայաստանի դեմ կայացված բազմաթիվ վճիռներ, այսօր «Ազատության» հետ զրույցում զգուշացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը: «Եվրոպական դատարանի նախադեպում լրջագույն փոփոխություն է տեղի ունեցել», – նշեց Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչը՝ պնդելով, որ պետք է փոխվի նաեւ մեզանում կիրառվող գործելաոճը:
ՌՈՒՍԱԿԱՆ ԼՈԼԻԿԸ
ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչյովը հայտնել է, որ Թուրքիայից լոլիկի մատակարարման սահմանափակումները կարող են տեւել առնվազն երեք տարի: Այս մասին հայտնում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ն: «Երեք տարին (լոլիկի արտադրության ներքին ճյուղի զարգացման համար) որոշիչ կլինի, անհրաժեշտ կլինի լրջորեն աճել: Մենք արդեն երկու անգամ նվազեցրել ենք լոլիկի ներկրումը, եւ մեր երկրում արտադրում ենք 800 հազար տոննա… Մեզ անհրաժեշտ է եւս մոտավորապես կես միլիոն տոննա. սա, ինչպես ասել եմ, երեքից հինգ տարվա աշխատանք է՝ կախված շուկայի վիճակից եւ ներքին պահանջարկից», – ասել է Տկաչյովը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ: Նախարարի խոսքով՝ շուտով կհայտնվի ռուսական լոլիկը: Սա նշանակում է, որ հայկական լոլիկի լեգենդը տարիներ անց կվերանա, եթե Հայաստանի պաշտոնյաները շարունակեն ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորել անձնական բիզնես դաշտում միայն:
ՔՆՆՉԱԿԱՆԸ ՑԱՎՈՒՄ Է
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պայմանագրային զինծառայող, ենթասպա Մ. Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու համար: «Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ նամակ», – ասված է քննչական կոմիտեի հրապարակած հաղորդագրությունում: Թե ինչ կա նամակում, հայտնի չէ, քննիչները չեն գաղտնազերծել:
ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱԶՄԸ
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 1-ի նիստում հաստատեց Երեւանի ավագանու կազմը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ մայիսի 14-ին կայացած ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ին բաժին է հասել 46 մանդատ, «Ելք» դաշինքին՝ 14, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ 5 մանդատ:
ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նաիրա Մխիթարյանին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։