ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ ԱՄՆ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում չի դադարում Թրամփի եւ լրատվական դաշտի միջեւ ընթացող պատերազմը, եւ պատճառներից մեկն էլ այն է, որ ամենշաբաթյա ռեժիմով նախագահի շրջապատից որեւէ մեկը հայտնվում է սկանդալային բացահայտումների թիրախում: Լրատվական հարթակի ու իշխանության ջրերը մեկ առվով չեն հոսում ոչ մի դեմոկրատական երկրում, սակայն միմյանց հանդեպ հարգանքն ու հանդուրժողականությունը անպակաս է: Թրամփի ընտրությամբ ԱՄՆ-ում իրավիճակը շեշտակիորեն փոխվել է:

Թրամփի անհատականությունն ինքնին հրաշալի առիթ է, որ ամերիկյան լրատվականները ամենօրյա ռեժիմով տեղեկատվական սկանդալային նյութեր հրապարակեն: Եվ եթե դրան հավելում ենք նրա շրջապատի ներկայացուցիչների գործունեության ընթացքում հանդիպող բացթողումները, պատկերն ավելի ամբողջական է դառնում: Ավելին` նոր թափ է ստանում նախագահի ու նրա շրջապատի` Ռուսաստանի հետ ունեցած գաղտնի հարաբերությունների թեման եւ այդ առթիվ կազմակերպված հսկայական արտահոսքերը, որոնք անարգել տպագրվում են ամերիկյան մամուլում: Թրամփը բազմիցս բարձրաձայնել է նման արտահոսքեր թույլ չտալու կարեւորությունը, սակայն նույնիսկ ՀԴԲ-ի «անվստահելի» ղեկավարի պաշտոնազրկությունը չկանխեց, որ նախագահի վարչակազմը նոր դժվարությունների բախվի այս հարցում: Ամերիկյան մամուլը շարունակում է ստանալ գաղտնի տեղեկություններ, մշակել ու հանրության դատին հանձնել դրանք` դժոխային իրավիճակի առաջ կանգնեցնելով նախագահական վարչակազմին: Իրավիճակն այն աստիճան է խառնափնթորության վերածվել, որ Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերը հայտարարել է, որ այլեւս չի պատասխանելու «ռուսական հետքի» մասին հրապարակումների առթիվ ծագած հարցերին: Բայց եւ այնպես, որքան էլ նախագահականը ջայլամի քաղաքականություն վարի, դրանից իրավիճակի դրամատիզմը չի մեղմվում: Ի վերջո, Թրամփը հայտնի է թվիթերում իր գրառումներով, որոնք հիմնականում վերաբերում են այդօրինակ սկանդալներին պատասխանելուն: Ապա, եթե հրապարակված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը կամ էլ նույնիսկ շշմեցնող են, Սպիտակ տունը անկարող կլինի արհամարհել դրանք:
Թրամփը արդեն իսկ հայտարարել է, որ արտահոսքերի մեծամասնությունն իրականության հետ կապ չունեն եւ արդյունքն են «կեղծ լրատվամիջոցների» անհեթեթ մտահղացումների: Սակայն Թրամփը այն ճշմարտախոսի հեղինակությունը չունի, որի խոսքին կարելի կլիներ անվերապահորեն հավատալ: Դեռ նախընտրական շրջանում էին վերլուծվում նրա պնդումները, որոնց ճնշող մեծամասնությունը փաստական աղավաղումներ էին: Ենթադրելի է, որ տեղեկատվական արտահոսքերը իրականացնում են կա՛մ նախագահի հակառակորդները` նրան վնասելու համար, կա՛մ էլ կառավարությունում աշխատող պարկեշտ մարդիկ, որոնք ցանկանում են հանրությանը տեղյակ պահել կուլիսներում ընթացող ապօրինությունների մասին: Ինչն էլ լինի տեղեկատվական արտահոսքերի պատճառը, դրանով է՛լ ավելի է կարեւորվում ազատ մամուլի դերը: Երբ երկրում գոյություն ունեն լրատվամիջոցներ, որոնք գործադիր իշխանության խաղալիքը չեն, դրանից միանշանակորեն շահում է պետությունը: Բայց եւ այնպես, մի շարք լրատվականներ մտահոգիչ տեղեկություններ են տարածում, որոնց համաձայն` ԱՄՆ արդարադատության նախարարությունն արդեն իսկ թույլտվություն է ստացել ԱՄՆ արտաքին հետախուզական դատարանից, ըստ որի` հետախուզական աշխատանքներ պիտի կատարվեն նախագահականից արտահոսած տեղեկություններ ստացած լրագրողների նկատմամբ:
Նշվում է, որ թիրախը ոչ թե լրագրողներն են, այլ արտահոսքերի հեղինակները: Թեպետ տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել, սակայն դա միանշանակորեն կարող է սահմանափակել լրատվական դաշտի ազատությունը: Ի դեպ, ԱՄՆ-ում գործադիրը քանիցս փորձել է ճնշել չորրորդ իշխանությանը, սակայն դատական կայացած համակարգը դա թույլ չի տվել: Այսպես, օրինակ, 1971թ. New York Times-ում հրապարակվեցին «Պենտագոնի թղթերը», որոնք գաղտնի տեղեկություններ էին բացահայտում, թե ինչու էր ԱՄՆ-ն ներքաշվել Վիետնամի պատերազմում, եւ ինչպես էին նախագահական վարչակազմերը կեղծ տեղեկություններ մատուցել հանրությանը: Սպիտակ տունը դատի էր տվել պարբերականին, սակայն ԱՄՆ գերագույն դատարանը վճռել էր, որ լրատվականն ազատ էր իր հրապարակումներում, եւ որ միայն ազատ ու չսահմանափակվող մամուլը կարող էր արդյունավետորեն պայքարել կառավարության թույլ տված խախտումների դեմ: Այս եւ մի շարք այլ դեպքեր ցույց են տալիս, որ անկախ դատական համակարգի զորակցությամբ մամուլը կարող է հավասարակշռող ազդեցություն ունենալ իշխանության նկատմամբ, եւ եթե ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմը փորձի ավելի առաջ գնալ լրագրողների դեմ իր պայքարում, նրան կկասեցնեն կայացած պետական ինստիտուտներն ու արդարադատության համակարգը:
Նման «վտանգ», «բարեբախտաբար», Հայաստանին չի սպառնում, որտեղ Սերժ Սարգսյանի իշխանությունը գրեթե ամբողջապես տնօրինում է լրատվական դաշտը: Սարգսյանի թշնամանքը ԶԼՄ-ների նկատմամբ գալիս է դեռ 1990-ականներից, երբ նա դատի էր տվել Նիկոլ Փաշինյանին իր մասին արված մի հրապարակման առթիվ: Իսկ արդեն 2000-ականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար եղած ժամանակ, նա ամերիկյան դիվանագիտական ներկայացուցիչների առաջ տրտնջում էր, որ որոշ լրագրողներ իր մասին սուտ տեղեկություններ են հրապարակում, եւ հարցնում էր, թե ինչպե՞ս պիտի ինքը վարվեր իր բարի համբավն այդօրինակ կերպով ոտնահարողի հետ: Սարգսյանը հայտնել էր, որ ինքը կարող էր հաստավիզներ ուղարկել լրագրողի տուն ու պատժել նրան, բայց նման բան չի արել, քանի որ դա բոլոր սահմաններից դուրս կլիներ: Աստիճանաբար Սարգսյանը հասկացավ, որ ԶԼՄ-ների դեմ պայքարում բանդաները կարելի է փոխարինել ավելի փափուկ մեթոդներով, ինչպես, օրինակ, ֆինանսական տարաբնույթ լծակներով հարմարվողներին բերել իր դաշտ, իսկ առավել ըմբոստներին դուրս մղել ասպարեզից՝ ֆինանսապես խեղճացնելով:
Նկատենք, որ եթե հեռուստաընկերությունների պարագայում Սարգսյանի իշխանությունը անվերապահ տերուտիրական է, ապա կայքերի ու տպագիր մամուլի դեպքում դեռեւս գոյություն ունեն որոշակի օազիսներ, որոնց գոյությունը վերածվում է կենսական անհրաժեշտության, առավել եւս որ արդարադատական համակարգ գոյություն չունի:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻ ՇԵՆՔԸ ՓԼՎՈՒՄ է

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի վթարային շենքի վիճակը գնալով ավելի է վատանում: Արդեն տեւական ժամանակ է, ինչ շենքի տանիքից ու պատերից քարեր են թափվում: Աշխատակիցները ժապավեններով դեռ ամիսներ առաջ սահմանազատել են շենքի առավել վտանգավոր հատվածները, բայց դա հարցի լուծում չէ, քանի որ հնարավոր չէ մշտապես վերահսկել տարածքը, երեխաների մուտք ու ելքը:

Մշակույթի պալատի տնօրեն Արմեն Ներսիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ խնդիրը ունի տարիների պատմություն, իսկ այս տարի արդեն առավել արտահայտված է դարձել: «Փորձել ենք սեփական ու ընկերական միջոցներով խնդիրներին լուծում տալ, բայց սա մեծ խնդիր է, որի լուծման համար մեծ գումարներ են պետք»,-ասաց Արմեն Ներսիսյանը:
Մշակույթի պալատի շենքը շահագործման է հանձնվել 11 տարի առաջ, ու այս կարճ ժամանակահատվածում արդեն զգալի խնդիրներ կան: Բացի հիմնապատերի խնդրից՝ խիստ ուշադրության կարիք ունի նաեւ շենքի կոյուղին, որը սխալ է գործում շահագործման օրից, այն պետք է հիմնավորապես փոխվի: Աշխատակիցների խոսքով՝ մասնագիտական եզրակացության համաձայն՝ շենքի պատերի, առաստաղի ու կոյուղու խնդիրը անորակ շինարարության հետեւանք է: Տնօրենի խոսքով՝ դիմել են Վանաձորի քաղաքապետարան, եկել, ուսումնասիրել են ու խոստացել այս տարի կոնկրետ քայլեր ձեռնարկել:
«Խոստացել են վերանորոգման պրոցեսը սկսել այս տարի, խնդիրներ կան կոյուղու հետ կապված, ճիշտ է՝ երկրաշարժից հետո ամրացված շենք է համարվում, բայց ինքը ընդհանուր առմամբ շատ պրոբլեմատիկ շենք է»:
Տնօրեն Արմեն Ներսիսյանը նշեց, որ տարիներ շարունակ առաջացող մանր ու մեծ խնդիրներին փորձել են լուծում տալ սեփական ուժերով ու միջոցներով, հիմնական նորոգում չանելու հետեւանքով էլ հիմնապատերի ու տանիքի անբարեկարգ վիճակն է՛լ ավելի է վատթարացել: Բարեկարգման կարիք ունեն նաեւ կառույցի նկուղային հարկն ու պատուհանները: Ու մինչ ամիսներ շարունակ համապատասխան կառույցները փորձում են լուծման համար միջոցներ հայթայթել, օր օրի շենքի վիճակն է՛լ ավելի վթարային է դառնում:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի

 

 

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Իջեւան քաղաքի բնակիչ, 36-ամյա կնոջ կողմից Բերդի տարածաշրջանի համայնքներից մեկի ղեկավարից 200 հազար դոլար վերցնելու գործով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասով (Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը): Սույն քրեական հոդվածով բնութագրվող գործողությունները պատժվում են 500 հազարից 1 միլիոն դրամ տուգանքով կամ 2-5 տարի ազատազրկմամբ: Քննությունը կպարզի` 200 հազար դոլարն ամբողջությա՞մբ, թե՞ դրա մի մասն է տրվել իջեւանցի կնոջը: 2 տարեկան երեխայի մայր, ամուսին չունեցող այդ կնոջ գործողություններից Տավուշի մարզի շատ բնակիչներ են տուժել: Քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում, որտեղից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քրեական գործը հարուցվել է ոչ թե իջեւանցի կնոջ, այլ փաստի վերաբերյալ: Ուստի այդ կնոջ նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 

 

ԴԵՌ ՈՐՈՇՎԱԾ ՉԷ
Այս տարվա աշնանը Տավուշի մարզի Իջեւանի եւ Բերդի տարածաշրջաններում կատարվելու է համայնքների խոշորացում: Այդ գործընթացի արդյունքում Բերդի տարածաշրջանի 17 համայնքների միավորումից կստեղծվի Բերդ համայնքը, Իջեւանի տարածաշրջանի 19 համայնքների խոշորացումից՝ Իջեւան համայնքը: 2016թ. Դիլիջան եւ Նոյեմբերյան խոշոր համայնքների ստեղծումից հետո նախկին համայնքապետարաններում աշխատողների կրճատումներ եղան: Դիմել եմ Տավուշի մարզպետարան՝ հարցնելով՝ Իջեւան եւ Բերդ խոշոր համայնքների ստեղծումից հետո այդ տարածաշրջանի համայնքներում քանի՞ աշխատակից է կրճատվելու: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ափինյանի գրավոր պատասխանում ասվում է. «Իջեւան եւ Բերդ խոշորացվող համայնքների ձեւավորումը հնարավոր կլինի միայն ՀՀ ազգային Ժողովի կողմից «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքում, որից հետո անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների արդյունքում կկազմավորվեն աշխատակազմերը: Աշխատողների թվաքանակի խնդիրը՝ համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28) ենթակետի՝ գտնվում է համայնքի ավագանու գործունեության տիրույթում, որն էլ համայնքի ղեկավարի ներկայացմամբ որոշում է ընդունում աշխատակազմի կանոնադրությունը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու վերաբերյալ»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս