ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՆՅԱԿՆԵՐՆ ՈՒ ԳԵՐԹԱՆԿԱՐԺԵՔ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է մոտ 30 տոկոս, ՀՀ որոշ գերատեսչություններ շարունակում են ճոխ գնումներ կատարել: Այդպիսի մի օրինակ է Երեւանի քաղաքապետարանը:

Երեւանի քաղաքապետարանը վերջերս գնել է 8 հատ կոնյակ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մասնավորապես գնվել է 10 տարվա հնեցմամբ 3 հատ կոնյակ, որոնց համար քաղաքային բյուջեից ծախսվել է 45 հազար դրամ, 15 տարվա հնեցմամբ 3 կոնյակի համար` 75 հազար դրամ, 20 տարվա հնեցմամբ 2 կոնյակ` 70 հազար դրամ: Բացի այս՝ գնվել է նաեւ 3 հատ արծաթե հուշամեդալ` 60 հազար դրամ ընդհանուր արժեքով, իսկ մեկ նկարի համար քաղաքապետարանը վճարել է 50 հազար դրամ: Ի դեպ, այս ամենը քաղաքապետարանը գնել է «Էլիտ Էսվե» ընկերությունից: Թե ինչ նպատակով է քաղաքապետարանը կոնյակները գնել եւ դրանք ում է պատրաստվում նվիրել, պաշտոնական փաստաթղթում որեւէ բան նշված չկա:
Իսկ ղեկավարի մեծ բազկաթոռ գնելու համար քաղաքային բյուջեից ծախսվել է 300 հազար դրամ: Ենթադրվում է, որ այս թանկարժեք բազկաթոռը քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար է: Ի դեպ, բազկաթոռը նախատեսվում է գնել մինչեւ հունիսի 30-ը: Փաստորեն Տարոն Մարգարյանը քաղաքապետ վերընտրվելուց հետո իր պաշտոնավարումը կսկսի նոր աթոռով:
Բացի այս՝ կահույքի ձեռքբերման նպատակով քաղաքապետարանը մայիսի 16-ին պայմանագիր է կնքել «Ֆոտոն» ընկերության հետ եւ գնել բազկաթոռ, գրապահարան, կողապահարան, աթոռներ եւ այլն: Նշված կահույքի համար քաղաքային բյուջեից ծախսվել է մոտ 2.2 մլն դրամ: Քաղաքապետարանը գնել է նաեւ բրոնզե առյուծ արձանիկներ. դրանք թվով 4-ն են, որոնց համար ծախսվել է 292 հազար դրամ: Իսկ մեկ բրոնզե առյուծ արձանիկն արժեցել է 73 հազար դրամ:
Բնականաբար, քաղաքապետարանի գնումները առանց աղբամանների ու նստարանների չեն սահմանափակվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանը քաղաքային բյուջեի հաշվին ընթացիկ տարվա համար ձեռք է բերել «Երեւան» ձուլվածքով 500 հատ նստարան, որոնց համար ընդհանուր ծախսվել է 82 մլն 250 հազար դրամ: Իսկ 600 հատ մեծ աղբամանի դիմաց քաղաքային բյուջեից ծախսվել է 46.5 մլն դրամ: Ստացվում է, որ ընթացիկ տարվա համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը 500 հատ նստարան եւ 600 հատ աղբաման գնելու համար ծախսել է 128 մլն 750 հազար դրամ: Իսկ դրանց ձեռքբերման վերաբերյալ պայմանագիրը քաղաքապետարանը կնքել է անցած տարեվերջին եւ, բնականաբար, «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ: Մինչդեռ «Նիկոլ Դուման»-ի առաջարկած մեկ նստարանի գնով քաղաքապետարանը կարող էր մեկ այլ կազմակերպությունից գնել երկու կամ երեք նստարան: Եվ նաեւ սա նկատի առնելով` հանրության համար անհասկանալի է, թե ինչու են քաղաքային իշխանությունները նման անհարկի շռայլություններ թույլ տալիս: Ի վերջո, աղբամանն ու նստարանը շքեղության միջոցներ չեն, այլ ընդամենը քաղաքային կահավորանքի մի մաս:
«Ժողովուրդ»-ը բազմիցս գրել է, որ «Նիկոլ Դուման» ընկերության հիմնադիրներն են Կառլեն Գեւորգյանը, Վարդան Վարդանյանը եւ Արսեն Հայրապետյանը: Առաջին հայացքից այս անունները հանրությանը ոչինչ չեն հուշում: Բայց «Ժողովուրդ»-ը պարզեց, որ կազմակերպության հիմնադիրներից մեկը՝ Կառլեն Գեւորգյանը, ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարարն է, ՀՅԴ անդամ: Ի դեպ, վերջինս ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր այս տարվա խորհրդարանական ընտրություններին: Իսկ հիմնադիրներից Վարդան Վարդանյանը, ըստ որոշ տեղեկությունների, քաղաքաշինության նախկին նախարարն է, ում պաշտոնավարման տարիներին հենց աշխատել է Կառլեն Գեւորգյանը:
Մենք տեղեկացանք նաեւ, որ քաղաքապետարանի աշխատակազմին համապատասխան տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով ընթացիկ տարվա համար 18 հատ ավտոմեքենա է վարձակալվել: Իսկ վարձակալության ընդհանուր արժեքը կազմել է 90 մլն 720 հազար դրամ: Տեղեկացնենք, որ վարձակալված ավտոմեքենաները հիմնականում խորհրդային հին տարեթվի արտադրության են: Պայմանագիրը կնքվել է «Երեւան տրանս» ՓԲԸ-ի հետ: Փաստորեն ընդդիմության կոչերը՝ վերացնել քաղաքապետարանի պաշտոնյաների «պադավատ» հասկացությունը, որեւէ կերպ չեն ընդունվում քաղաքային բյուջեն շռայլորեն ծախսող Տարոն Մարգարյանի կողմից:
Ավելին՝ քաղաքապետարանի աշխատակազմի թվով 46 ավտոմեքենաների պահպանման եւ սպասարկման ծառայությունների համար քաղաքային բյուջեի հաշվին ընթացիկ տարվա համար կծախսվի 207 մլն դրամ: Ահա թե ինչպես են ծախսվում պետական միջոցները: Փաստորեն իշխանությունների կողմից դեռեւս անցած տարի մեկնարկած ծառայողական մեքենաների կրճատման գործընթացը կրել է ձեւական բնույթ: Եւ այդպես էլ չեն վերանայվել բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող ծառայողական մեքենաների գները, ծախսերը: Իսկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու իր աշխատակազմը շրջում են ճոխ ավտոմեքենաներով, որի սպասարկման եւ պահպանման ծախսերը իրականացվում են մեր` հարկատուներիս հաշվին: Բայց դա չխանգարեց նրան կրկին վերընտրվել նույն պաշտոնին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս