ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ ՍԵՎՈՒԹՅՈՒՆ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Լեւոնյանն այնքան էլ ակտիվ գործունեություն չի ծավալում, իսկ թե ինչն է պատճառը, «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել՝ զրուցելով երգչուհու հետ:

-Ալլա՛, վերջին շրջանում այնքան էլ ակտիվ գործունեություն չեք ծավալում, նոր տեսահոլովակով կամ համերգներով հանդես չեք գալիս: Ինչո՞վ է այդ լռությունը պայմանավորված:
-Այդ հարցը ինձ միշտ տալիս են, դա շատ հարաբերական է: Գործ անելը, գործունեությամբ զբաղվելը միայն տեսահոլովակ նկարահանելը չէ: Իհարկե, կան լավ մտքեր, մտահղացումներ, ուզում ես լավ գործ անել, բայց պետք է բավականին գումար վատնես դրանց վրա, որն այս պայմաններում այնքան էլ հնարավոր չէ: Ես շատ եմ շրջագայում եւ մի քանի օր առաջ եմ վերադարձել ԱՄՆ-ից, մոտ 25 օր այնտեղ էի եւ ունեցա 4 համերգ: Այնտեղ մշտապես հանդիպումներ եմ ունեցել հայկական համայնքի ղեկավարության, ինչպես նաեւ դպրոցական երեխաների հետ: Միասին զրուցում ենք, երգում ենք, եկեղեցի եմ գնում: Հանդիպում եմ մեր հոգեւոր հայրերի հետ, հետաքրքրվում եմ, թե որտեղ, որ համայնքում ինչպես են ապրում:
-Ստեղծագործական նորություններ չկա՞ն:
-Նոր ժողովրդական երգ եմ ձայնագրել, որը կոչվում է «Տնգլ-մնգլ»: Երգը պատրաստել ենք հրաշալի երաժիշտների հետ: Այս ընթացքում արդեն մի քանի բարեգործական համերգների եմ մասնակցել, որը, իմ կարծիքով, մեծ աշխատանք է, երբ քեզ տեսնում են, լսում են, ավելի լավ է, քան տեսահոլովակ ունենալը, չնայած դա էլ է կարեւոր: Իմ վերջին տեսահոլովակը եղել է Ապրիլյան պատերազմին նվիրված «Մենք հավերժ ենք» ստեղծագործությունը: Ինձ համար կարեւոր չէ, որ տարին մեկ անգամ պարտադիր տեսահոլովակ ունենամ:
-Իսկ հիասթափություն չունե՞ք. կարծես թե անիմաստ է դարձել նոր բան ներկայացնելը յութուբյան դարում, երբ հեռուստաընկերություններն ու տեսասկավառակները պարտվել են համացանցին:
-Շատ բան է փոխվել մեր իրականության մեջ, որի դեմն առնել հնարավոր չէ, որովհետեւ կյանքն առաջ է գնում, ամեն ինչ փոխվում է, եւ տեխնիկան գալիս է առաջին պլան: Ես եթե գիրք եմ կարդում, ապա անպայման պիտի թերթեմ գիրքը, եթե տեսահոլավակ եմ նկարահանում, չլինի դա յութուբյան պրեմիերա: Մեր սերունդը սովորել է այլ տեսակի ներկայանալի լինելուն, բայց պետք է այսօրվա կյանքի հետ համաքայլ լինենք: Համացանցը շատ հնարավորություններ է տալիս, բայց այն նաեւ մի դաշտ է, որտեղ կան մարդիկ, որոնք մնալով ինչ-որ սյունի հետեւում՝ արտահայտում են իրենց ոչ բավարարված մտքերը:
-Ստեղծագործող մարդը միշտ ոգեշնչման կարիք ունի: Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
-Իմ ոգեշնչման աղբյուրը միշտ եղել է կյանքը սիրո մեջ եւ սերը կյանքի մեջ: Եղել է հայրենիքը, եղել է մայրս, ամուսինս, երեխաներս, բնությունս: Զգացմունքային, էմոցիոնալ մարդու վրա ազդում է այն դաշտը, որի մեջ ինքն ապրում է, եւ այդ գույները չի կարող չնկատել: Ինչպես նաեւ մանկության երազանքներս, որը ես միշտ ինձ հետ տանում եմ, նրանք են օգնում ինձ ապրել այս դժվարին, օդում կախված սեւության մեջ, որը որ առկա է:
-Բացի մաքուր ձայնից՝ էլ ի՞նչ է պետք երգչուհուն՝ հաջողությունների հասնելու եւ սիրված լինելու համար:
-Երգիչը եւ երգչուհին նախ պետք է արտիստ լինեն, որովհետեւ ձայնը, վոկալը բավարար չեն: Մենք հրաշալի երգիչ-երգչուհիներ ունենք, ոմանց ես ափսոսում եմ, որովհետեւ իրենք շատ լավ վոկալային տվյալներ ունեն, սակայն չեն կարողանում իրենց առաջ տանել, քանի որ արտիստիկ չեն կամ ճիշտ երգեր չեն ընտրում: Ես սա ոչ թե վատ առումով եմ ասում, այլ պարզապես կուզեի մեր երգիչ-երգչուհիները կարողանան ճիշտ ներկայանալ: Կյանքը պայքար է, եւ ամբողջ աշխարհում է այդպես, ով ներկայանալի է, ունի շարմ, հետաքրքիր է, հենց նա էլ հաղթում է:
-Այսպիսի մի խոսք կա. կանայք շատ տոկուն են, նրանք դիմանում են նույնիսկ տղամարդկային սիրուն: Դուք Ձեզ, որպես բազմազավակ մայր, լիարժեք զգո՞ւմ եք:
-Իհարկե՛, առաջին անգամ չէ, որ այդ մասին խոսում եմ: Ես երջանիկ կին եմ, որովհետեւ ունեմ լավ ընտանիք: Փա՛ռք Աստծո:
-Հե՞շտ է այդ կարգավիճակը համատեղել բեմի հետ:
-Դժվար է, իհարկե, բայց առանց դրա էլ չեմ կարող: Հայաստանում, եթե չլինի սփյուռքը, եթե չլինեն արտասահմանյան ելույթները, մեզ արտիստ չենք զգում. Պահանջարկը այլ է, ինչ-որ բաներ արժեզրկվել են, համերգները քչացել են: Մենք սնուցվում ենք բեմից եւ պետք է բեմում լինենք:
-Ինչպիսի՞ ապագա եք կանխատեսում Ձեր երեխաների համար, կցանկանա՞ք, որ նրանք էլ Ձեր ճանապարհով գնան:
-Չեմ կարող ասել, որեւէ քայլ չեմ անում, որ իմ երեխաներն անպայման արվեստում լինեն, եթե կցանկանան…: Մեծ դուստրս՝ Ժաննան, ձայնային լավ տվյալներ ունի եւ մի քանի անգամ հեռուստատեսությամբ երեւացել է: Ընդամենը մեկ անգամ իմ մենահամերգի ժամանակ խնդրեց ինձ հետ երգել: Ես վախեցա, բայց իրեն այդ շանսը տվեցի, ու մենք երգեցինք «Մոկաց հարսներ»-ը: Թող մեծանա, լավ մարդ դառնա, բարձրագույն հաստատությունում սովորի: Ժաննան շատ լավ տիրապետում է տարբեր լեզուների, շատ լավ է սովորում: Հետո ընթացքում, եթե կուզի, ես իրեն կօգնեմ: Ընդհանրապես, օգնում եմ բոլոր բալիկներին, ովքեր դիմում են:
-Բազմիցս նշել եք, որ Դուք եւ Ձեր ամուսինը հինգ երեխա եք ցանկանում ունենալ: Հնարավո՞ր է ընտանիքում նոր համալրում:
-Բազմիցս չէ: Երբ ինձ հարցնում են՝ էլի՞ ուզում եք երեխաներ, ես ասում եմ, որ ամուսինս կուզեր հինգ երեխա ունենալ, բայց դա այնքան էլ հեշտ բան չէ: Համենայնդեպս, չեմ պատրասվում, որովհետեւ իմ Շաղիկը դեռ շատ փոքր է, ես նրան եմ խնամում:
-Կյանքում ամենաշատը ինչի՞ համար եք շնորհակալ, եւ ի՞նչն է Ձեզ երջանկացնում:
-Ես շնորհակալ եմ, որ կամ, որ այս կյանքը վայելում եմ: Շնորհակալ եմ, որ երեխաներ ունեմ: Աստված տա՝ բոլոր նրանք, ովքեր չունեն, ունենան, որովհետեւ դա ամենամեծ բերկրանքն է կնոջ համար: Շնորհակալ եմ, որ իմ կյանքում սեր կա: Ես շատ եմ սիրում կյանքը եւ Ձեզ բոլորիդ:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՍՈՉԻԻՑ

Մայիսի 31-ին Սոչիում կայացել է նոր ձեւաչափով մրցանակաբաշխություն, որտեղ հայ երգիչ-երգչուհիներից շատերն արժանացել են մրցանակների՝ հիմնականում «Տարվա երգ» անվանակարգում:

«Ժողովուրդ» օրաթերթն այս առթիվ զրուցեց համերգին մասնակցած երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հետ: Երգչուհին նշեց, որ դեռ Սոչիից չեն վերադարձել Երեւան եւ վայելում են մի քանի օրվա հանգիստը: «Հիմնականում բոլոր երգիչ-երգչուհիները «Տարվա երգ» մրցանակին են արժանացել: Մրցանակաբաշխությունը վերաբերում էր նրան, թե տարվա ընթացքում որ երգերն են արտիստների կողմից սիրվել»,- ասաց նա:
Հռիփսիմե Հակոբյանը հայտնեց, որ ինքն ու երգիչ Հայկոն մրցանակի են արժանացել «Քո սերը մի ուրիշ աշխարհ է» զուգերգի կատարման համար. «Շատ հաճելի է, որ բացի մեր երկրպագուներից՝ մեր աշխատանքը գնահատվեց նաեւ մրցանակի տեսքով: Ջերմ հանդիսատես, գեղեցիկ երեկո, լավ կազմակերպված համերգ եւ լավ դրական էմոցիաներ»,- տպավորություններով կիսվեց Հռիփսիմե Հակոբյանը, ով, ի դեպ, Սոչի է մեկնել ամուսնու՝ Մարտին Մկրտչյանի հետ:
Հավելենք, որ համերգային ծրագրով Սոչիում են Նունե Եսայանը, Քրիստինե Պեպելյանը, Սիրուշոն, Ռազմիկ Ամյանը, Արամեն, վերջինիս կինը՝ Աննա Թովմասյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Սոֆի Մխեյանը եւ այլք:

Լ. Ե.




Լրահոս