Այսօր ՀՀ կառավարությունն իր նիստում հասատատեց 2017-2022թթ գործունեության ծրագիրը: Այստեղ կառավարությունը խոստացել է առաջիկա հինգ տարիներին ապահովել առնվազն 5 տոկոս տնտեսական աճ, նաեւ կրճատել աղքատությունը` իջեցնելով 12 տոկոսի, ինչպես նաև ապահովել զբաղվածության աճ եւ բարձրացնել նվազագույն աշխատավարձը` 25 տոկոսով: ArmLur.am-ը տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրատեսական կառավարության ծրագրում խոստացված ցուցանիշները: Սակայն տիկին Թադևոսյանը նշեց, որ խոստացված ցուցանիշներն իրականություն դարձնելու համար ՀՀ-ն չունի բավարար ռեսուրսներ:
«Ինչպես հայտնի է՝ կառավարությունը գնում է պետական ապարատի լուրջ կրճատումների, մեծաթիվ աշխատողներ դառնալու են գործազուրկ։ Դա արդեն նշանակում է, որ պետական բյուջեում համապատասխան միջոցներ չկան, որպեսզի ապարատը մնա նույն ծավալով՝ ինչ կա: Գործազուրկների ավելացող բանակը ինքնին կտանի աղքատության աճի: Եթե մարդ չունի վաստակ, ապրելու հնարավարողություն, ուրեմն դառնում է աղքատ»,- ասաց տիկին Թադևոսյանը:
Լյուսի Պողոսյան