«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երեկ ավարտել են տարածաշրջանային այցը, որից հետո ԼՂ խնդրի վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ: Երեկվա փաստաթղթի շեշտադրումներն, ի դեպ, բավական ուշագրավ էին. «Համանախագահներն Ադրբեջանի ղեկավարներին կոչ են անում ձեռնարկել լարվածության հետագա սրումից խուսափելու միջոցներ: Համանախագահները նույն ուղերձով դիմում են Հայաստանի ղեկավարներին եւ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությանը: Համանախագահները կողմերին հորդորում են ձեռք առնել միջոցներ, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմաններին:
Երկու մայրաքաղաքներում համանախագահները կողմերին կոչ են անում բարեխղճությամբ եւ քաղաքական կամքի դրսեւորմամբ վերսկսել բովանդակային բանակցությունները: Համանախագահներն ընդգծում են, որ դա հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց ակնկալող, կարգավորման արժանի տարածաշրջանի ժողովուրդների համար հարատեւ խաղաղություն ապահովելու միակ ուղին է»: Միաժամանակ, հայտարարության մեջ ասված է, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հայտնել են կարգավորման առավել վիճահարույց խնդիրների շուրջ փոխզիջումային լուծում գտնելու նպատակով քաղաքական երկխոսությունը վերսկսելու իրենց պատրաստակամության մասին:
Ակնհայտ է, որ հակամարտության կողմերն անկեղծ չեն խնդրի փոխզիջումային լուծման մասին իրենց հայտարարություններում, այլապես չէին փորձի ամենատարբեր միջոցներով վիժեցնել խաղաղ կարգավորման գործընթացը եւ իսկապես կգնային փոխզիջումների: Ավելին՝ եթե Ադրբեջանը քաղաքական երկխոսությունը վերսկսելու կողմնակից լիներ, ապա չէր հրահրի վերջին օրերի սահմանային միջադեպերը, որոնց հետեւանքով հայկական կողմը 4 զոհ է ունեցել: Եւ այս առումով պատահական չէ փաստը, որ սա ԵԱՀԿ ՄԽ երկրորդ հայտարարությունն է, որտեղ համանախագահները հրադադարի ռեժիմի խախտման համար հասցեական քննադատում են Ադրբեջանին»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում