Նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը սկսել է մասնատվել: Հուլիսի 18-ին Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները նիստ են անցկացրել եւ որոշում կայացրել խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին անվստահություն հայտնելու եւ նրանց Երեւանի ավագանու մշտական հանձնաժողովներից ետ կանչելու մասին: Կուսակցության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ անվստահության հիմք է ընդունվել նրանց կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին եւ սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաեւ երեւանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը:
Մեղադրանքների արժանացած անդամների պատասխանը չուշացավ: Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիեւը հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, թե պրոֆեսիոնալիզմը եւ հարգալից վերաբերմունքը գնահատվել է որպես կուսակցության գծից շեղում: «Ինչ-ինչ պատճառներով այն հանգամանքը, որ մենք կողմնակից ենք կուսակցության Երեւանի ծրագիրը իրագործել սառը դատողությամբ եւ ոչ թե էմոցիոնալ երանգներ հաղորդելով գործընթացներին, ինչպես նաեւ բոլոր գործողությունները կատարել օրենքի շրջանակներում եւ անկախ ամեն ինչից պահպանել պրոֆեսիոնալիզմ եւ հարգալից վերաբերմունք, կուսակցության կողմից գնահատվել է, որպես կուսակցության գծից շեղում, պարտականությունների չկատարում եւ թիմային աշխատանքի խաթարում», – նշված է հաղորդագրությունում։
Հասկանալու համար, թե, ի վերջո, ինչն է խմբակցության անդամների միջեւ նման հարաբերությունների հիմք հանդիսացել, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հայկ Պետրոսյանին: Վերջինս նշեց, թե պաշտոնական հաղորդագրությունից զատ ինքը հակված չէ այլ պարզաբանումներ տալ՝ խոստանալով այդ մասին խոսել օրեր անց կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ: Սակայն մեր ճշտող հարցին՝ արդյոք փոշմանել եք «Երկիր Ծիրանի»-ին միանալու համար եւ այսուհետ կսատարե՞ք ՀՀԿ-ին, նա բացասական պատասխան տվեց. «Ո՛չ, այդպես չի ստացվում: Մեր կողմից ծրագրած անելիքների վերաբերյալ մենք ելույթ կունենանք մամլո ասուլիսին»,- նշեց նա:
Թերեւս անհասկանալի է մնում, թե «Երկիր Ծիրանի» կուսակցությունն անվստահություն հայտնելով իր թիմակիցներին՝ ինչ է նկատի ունեցել՝ ասելով, որ նրանք դավաճանել են կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին եւ սկզբունքներին: Նրանք այլ մեկնաբանություն չեն տալիս:
Նշենք, որ այս որոշումը կայացվել է Երեւանի ավագանու արտահերթ նիստից հետո, որին այս անգամ կուսակցությունը մասնակցում էր: Հետաքրքիր է, որ Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիեւը բոլոր նախագծերին քվեարկել են այնպես, ինչպես մյուսները: Ստացվում է՝ պատճառը սա չի եղել: Սակայն հետեւելով նիստի ընթացքին եւ այս երկու անդամների հայտարարություններին՝ կարող ենք այլ եզրակացություններ անել: Բանն այն է, որ նիստի ընթացքում հինգ անդամից բաղկացած խմբակցության երեք տիկնայք անընդհատ աղմկում, հարցեր էին տալիս, ելույթներ ունենում՝ նույնիսկ առանց բարձրախոսների: Սակայն տղամարդիկ այդ ընթացքում լուռ են եղել: Միգուցե կուսակցության գաղափարախոսությունից շեղվելը «լաչառություն» չանե՞լն է:
Ամեն դեպքում ստացվում է, որ նորաստեղծ կուսակցությունը, որն իր պայքարը սկսեց հենց Երեւանի ավագանու ընտրություններից, չդիմացավ առաջին իսկ փորձությանը:
Նաիրա Հովհաննիսյան