ՀՀԿ-ական գյուղապետերը վերընտրվեցին. ովքեր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ 5 մարզերի 9 համայնքներում հունիսի 18-ին տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով հիմնականում հաղթել են ՀՀԿ-ական գործող համայնքապետերը: Նշենք, որ ընտրություններին մասնակցել են նաեւ ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական թեկնածուներ:

Օրինակ` ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձոր գյուղում վերընտրվել է առաջադրված միակ թեկնածուն` գործող ՀՀԿ-ական գյուղապետը: Վերջինիս ընտրել է Մեծաձորի 19 բնակիչ: Նույն մարզի Սաղմոսավանում գյուղապետ է ընտրվել առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուն` հավաքելով 69 ձայն: Նրա հետ պայքարի դուրս եկած երկու թեկնածուներից դաշնակցականը հավաքել է 44 ձայն: ՀՀ Արարատի մարզի Սուրենավանում վերընտրվել է ՀՀԿ-ական գործող գյուղապետը` հավաքելով 796 ձայն: Իսկ մյուս ԲՀԿ-ական թեկնածուն պարտվել է` հավաքելով 469 ձայն: Շիրակի մարզի Բայանդուր գյուղում նույնպես վերընտրվել է գործող ՀՀԿ-ական գյուղապետը: Նա մրցակից չի ունեցել, եւ միակ առաջադրված թեկնածուն է եղել: Իսկ ահա Հովիտ գյուղում պայքարն ընթացել է երկու ՀՀԿ-ականների միջեւ: Նշենք, որ առաջադրված թեկնածուներն են եղել ՀՀԿ-ական Արարատ Սահակյանը, ով հողագործ է եղել եւ հավաքել է 114 ձայն, իսկ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Ավետիք Մեսրոպյանը հավաքել է 151 ձայն:

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում նույնպես վերընտրվել է գործող գյուղապետը, ով հավաքել է 603 ձայն: Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում առաջադրված կին անկուսակցական թեկնածուն հավաքել է 218 ձայն, սակայն գործող ՀՀԿ-ական գյուղապետ Արթուր Մուրադյանը վերընտրվել է` հավաքելով 1792 ձայն:
Նույն պատկերն է նաեւ Նոր Հաճնում, որտեղ վերընտրվել է գործող քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը: Ի դեպ, Նոր Հաճնում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել էին չորս թեկնածու, սակայն ընտրապայքարին մասնակցել են նախկին եւ ներկա քաղաքապետերը: Արդյունքում գործող քաղաքապետ Գագիկ Մաթեուսյանը հավաքել է 3073, իսկ նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը, ով հայտնի է Ուզբո մականունով` 1319 ձայն: Ըստ որոշ տեղեկությունների` Նոր Հաճնը գտնվում է Գագիկ Ծառուկյանի ենթակայության տակ, որի պատվավոր քաղաքացին է ինքը: Տեղեկացնենք, որ վերընտրված քաղաքապետ Գ. Մաթեուսյանը նախկինում եւս մասնակցել է ընտրություններին ԲՀԿ-ի կողմից: Բայց Գագիկ Ծառուկյանի` մեծ քաղաքականությունից հեռանալուց հետո, նա անցել էր ՀՀԿ-ի կողմը: Այժմ նորից փոփոխություն է եղել:

Իսկ մյուս թեկնածուն` նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը, այս տարվա խորհրդարանական ընտրություններին աշխատել է ՀՀԿ-ի օգտին, ինչի համար էլ իշխանությունները նրան առաջադրեցին Նոր Հաճնի քաղաքապետի պաշտոնում եւ փորձեցին անցկացնել ընտրություններում: Սակայն դա նրանց չհաջողվեց: Ի դեպ, Արմեն Քեշիշյանը դեռեւս 2005 թվականին մարդ սպանելու համար մեղադրվել էր եւ դատապարտվել 3 տարի ազատազրկման:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս