Այս տարվա հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժել են նաեւ ՀՀ քաղաքացիներ: ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարում է, որ այս դեպքում ուղեւորափոխադրումը ոչ կանոնավոր է իրականացվել:
Հիշեցնենք, որ բախվել էին «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան եւ երթուղային միկրոավտոբուսը, որում եղել է 20 ուղեւոր: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության` վիրավորներից 6֊ը տեղափոխվել է Ստուպինո, 3-ը` Տուլայի քաղաքային հիվանդանոց: Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն եւ դուրս գրվել, իսկ մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Ի դեպ, տեղեկացնենք, որ Տուլայում բժշկական օգնություն ստացող 3 տուժածից 2-ը երեխա է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վթարի ենթարկված միկրոավտոբուսը պատկանել է «Քոչար տուր» ՍՊԸ-ին: Ընկերությունը հիմնադրվել է հունիսի 12-ին: Այսինքն՝ տեղի ունեցած դեպքից վեց օր առաջ: Իսկ ո՞րն էր վթարի պատճառը, այս մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի տեսչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հետ:
-Պարո՛ն Մելքոնյան, «Քոչար տուր»-ի տնօրինության հետ հանդիպե՞լ կամ խոսե՞լ եք տեղի ունեցածի հետ կապված:
-Ես խոսել եմ ընկերության տնօրենի հետ, ով վստահեցրեց, որ փոխադրումը իրենք չեն կատարել, այլ իրենց պատկանող ավտոմեքենան ժամանակավոր օգտագործման տվել են մեկ այլ անձի: Վերջինիս կողմից էլ իրականացվել է փոխադրումը: Ընկերության տնօրեն Արամ Քոչարյանը վստահեցրեց նաեւ, որ փոխադրման հետ կապված նախնական այն գործողությունները, այդ թվում եւ ուղեւորների հավաքագրումը, իրենց ընկերությունը չի իրականացրել: Ընդամենը ընկերությունը իրեն պատկանող տրանսպորտային միջոցը տվել է մեկ այլ անձի: Վարձակալության վերաբերյալ պայմանագիր կա, թե ոչ, այս պահին դժվար է ասել: Քանի որ ընկերության տնօրենը վարձակալության վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումներ դեռ նախարարությանը չի ներկայացրել: Հնարավոր է, որ բանավոր պայմանավորություն է եղել նրանց միջեւ:
-Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու մասով նախարարությունը ի՞նչ վերահսկողութուն ունի: Ձեր գերատեսչությունը իրավասո՞ւ է արգելել ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները:
-Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները իրականացվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Դրանք փոխադրողի եւ պատվիրատուի միջեւ կնքված պայմանագրային հարաբերություններն են, եւ այդտեղ նախարարությունը առանձնապես մեծ դերակատարում չունի: Իհարկե, դաշտում բավականին լուրջ աշխատանք է տարվել, նման փոխադրումները հիմնականում բացառվել են, բայց տեսեք, որ որոշ չափով կան ոչ կանոնավոր փոխադրողներ: Մենք հորդորում ենք մեր քաղաքացիներին, որպեսզի չգնան նման ուղղություններով, այլ փոխադրվեն միայն կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների միջոցով:
-Նախարարությունն ուսումնասիրություններ չի՞ իրականացնում՝ գտնելու համար ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնողներին…
-Նախարարությունը պարբերաբար իրականացնում է վերահսկողական միջոցառումներ, բայց այդտեղ նույնպես խնդիր կա. նախարարությունը սահմանային անցակետերում մշտապես դիտարկումներ իրականացնելու լիազորություն չունի: Դա հիմնական խնդիրն է: Միգուցե դա է պատճառը, որ այն պարբերականությունը, որը որ մենք իրականացնում ենք, բավարար չէ: Հաշվի առնելով վերջին դեպքերը՝ պետական եկամուտների կոմիտեի հետ մենք պատրաստվում ենք համատեղ միջոցառումներ իրականացնել, որպեսզի հնարավոր լինի առանց մշտական ներկայացուցիչ ունենալու սահմանային անցակետերում արդյունավետ վերահսկողություն իրականացնել:
-Այս դեպքում «Քոչար տուր»-ի ընկերության նկատմամբ պատիժ կիրառվելո՞ւ է, թե՞ ոչ:
-Մենք ամբողջովին գործը կքննենք, համապատասխան վարույթ կհարուցվի, եւ վարույթի շրջանակներում պարզ կդառնա, թե այդ ընկերությունը կամ փոխադրողը ինչ չափով է խախտումներ ունեցել: Համապատասխան որոշումներ կկայացվեն, որի վերաբերյալ մենք պարբերաբար կիրազեկենք:
-Ի վերջո, ի՞նչն է եղել վթարի պատճառը:
-Ես որքանով տեղյակ եմ, ճանապարհային երթեւեկության խախտում է եղել: Ամեն դեպքում գործը քննության ընթացքում է: Այն քննվում է ռուսական կողմից:
-Հայկական կողմը գործի քննությանը որեւէ մասնակցություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ:
-Դա ռուսական կողմում է եղել, կարող է՝ որոշ չափով մեզ տեղյակ պահեն գործի քննության ընթացքից, բայց զուտ քննությունը իրականացնում է ռուսական կողմը: Դա ավելի շատ ՌԴ-ի ճանապարհային երթեւեկության անվտանգության պայմանների պահանջներն են:
–Իսկ միկրոավտոբուսի վարորդի կամ հարազատների հետ կապ հաստատե՞լ եք:
-Նման տեղեկություն դեռեւս չունենք մենք, որովհետեւ դա այդքան էլ մեր տիրույթում չէ: Այսինքն՝ փոխադրումը կանոնավոր չի եղել, որն էլ մենք ենք կարգավորում կանոնակարգում:
Հ.Գ. Իրավիճակը ցույց է տալիս, որ նախարարության վերահսկողությունը այս դեպքում թույլ է: Իսկ նախարար Վահան Մարտիրոսյանը, անտեսելով ոլորտային հիմնական խնդիրները, զբաղված է միայն տեղեկատվական տեխնոլոգիաներով: Նա դեռ իր էությամբ մնացել է «Ռոստելեկոմի» աշխատակից:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ