Սամվել Կարապետյանը պատասխանել է թուրքական լրատվամիջոցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը պատասխանել է թուրքական լրատվամիջոցներին, որոնք լուրեր էին տարածել, թե նրա զբոսանավը լիցքավորման նպատակով կայանել է թուրքական Բոդրումի նավահանգիստներից մեկում: Սամվել Կարապետյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է. «Երեկվանից առանձին կայքեր արտատպում են թուրքական որոշ լրատվամիջոցների խայծը, թե իբր Սամվել Կարապետյանին պատկանող «մի քանի շքեղ զբոսանավ վառելիքի լիցքավորման համար կանգ են առել Թուրքիայում՝Բոդրումի նավահանգստում»:

Թուրքական ԶԼՄ­ների այս տեղեկությունն ինքնին անհեթեթություն է, քանի որ Սամվել Կարապետյանը նման սեփականություն չունի, ավելին՝ ունենալու ցանկություն էլ չկա: Ուշագրավ է, որ գրեթե բառացի նման մի տեղեկություն էլ շրջանառության մեջ էր դրվել անցյալ տարի, ինչը ևս հերքվել էր»:

Թուրքական ամենահեղինակավոր թերթերից մեկը՝ «Հուրիեթ»­ը, հունիսի 20­-ին լույս էր տեսել առաջին էջում Կարապետյանի զբոսանավի մասին տպագրված լուրով: Օրաթերթը գրել էր իբր հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի 120 մլն դոլարանոց զբոսանավը լիցքավորման համար կայանել է Բոդրումում: Թերթը մի շարք մանրամասներ է հաղորդել Garcon տեսակի զբոսանավի վերաբերյալ՝ նշելով, որ այն ունի 87 մետր երկարություն, 6 հատ սուպեր լյուքս սենյակ: Բացի այդ, զբոսանավի վրա կան ռուսական բաղնիք, մեծ ջակուզի ու դիսկոտեկ: Զբոսանավի վրա ծառայություն մատուցող 28 հոգանոց անձնակազմը մնում է նավում: «Հուրիեթ»­ը հայտնում է նաև, որ նավի վրա կարող է ուղղաթիռ կայանել:




Լրահոս