Երևանի ավագանու ընտրություններում արձանագրված ընտրախախտումների մասով հարուցված քրեական գործերը ուղարկվում են դատարան: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների վերաբերյալ դրությամբ հարուցվել է 7 քրեական գործ՝ 1-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը և ընտրակաշառք տալը):
3-ը՝ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով (քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը).
1-ը միայն ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ընտրակաշառք տալը).
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի և 309-ր հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ընտրակաշառք տալը և պաշտոնեական լիազորություններն անցնելը).
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք): Եվ ահա ընդամենը մեկ ամիս տեւած քննությունից հետո հարուցված քրեկան գործերից մեկը ուղարկվել է դատարան: Եվ այսպես պարզեցինք, որ Աշխեն Հովհաննիսյանը լինելով
Երևան քաղաքի Շիրակի 3 հասցեում գտնվող թիվ 52 դպրոցում տեղակայված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 8 ընտրատարածքի 54 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, ՀՀ Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ժամը 14:02-ին, մինչեւ քաղաքացի Լարիսա Սարգսյանը կվերցներ իրեն հասանելիք քվեաթերթիկը և ծրարը, Լարիսա Սարգսյանի փոխարեն քվերակել է Հանրապետական կուսակցության օգտին, այդ ճանապարհով խոչընդոտելով վերջինիս` ընտրական իրավունքի իրականացմանը: Ի դեպ դեռես ավագանու ընտրությունների օրն Աշխեն Հովհաննիսյանի գործողությունների մասին բարձրաձայնել էր «Ելք» դաշինքի վստահված անձ Նարեկ Ղահրամանյանն, վերջինս «Ազատությանը» տրամադրել է միջադեպի տեսագրությունը․ տեսանյութում ընտրողը պնդում է, թե իր երեք երեխաներին ևս քվեարկած քվեաթերթիկներ են տվել․ – «Առավոտվանից իմ իրեք էրեխեն էլ եկել են ընտրության, իրեքին էլ ջնջել եք, գրել եք, պտիչկա ես արել, տվել ես․․․ Ո՛չ քոռ ենք, ո՛չ անգրագետ ենք, ո՛չ էլ դեբիլ ենք: Ումը կընտրենք՝ կընտրեք, սա ի՞նչ խաղ ա, ամո՛թ ա»:
Հանձնաժողովի անդամ Աշխեն Հովհաննիսյանը ավելի քան մեկ ժամ բացակայում էր քվեարկության սենյակից, իսկ վերադառնալով պնդել է, թե ինքը քվեարկած քվեաթերթիկներ չի բաժանել․ – «Ինչ-որ մի կին էկավ, ինքը քվեարկած թուղթը բերեց, մյուսն էլ էնտեղից վրա տվեց․․․ չհասկացա էդ ինչպես սարքեցին: Ես իմ գործն էի անում: «Ելք»-ին դա պետք էր, որովհետև առավոտից մեր մոտ խառնաշփոթ է անում, իրենց դա պետք է ուղղակի մարդկանց վարկաբեկելու համար: Բոլորն էլ գիտեն, որ ես Տարոն Մարգարյանին չեմ ընտրել, ո՞նց իրեն օգտին կտամ: Իրենք ուզում են էդպիսով թյուրիմացություն մտցնել մեջը, վերջ»:
8/54 տեղամասային հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Գայանե Այվազյանը թեև միջադեպի անմիջական մասնակիցը չի եղել, բայց հավատացել է ոչ թե աղմուկ բարձրացրած քաղաքացու, այլ հանձնաժողովականի խոսքին․ – «Իմ կարծիքով, տեղի է ունեցել բաց քվեարկություն: Մեր հանձնաժողովականը նման բան չէր կարա անի, քանի որ ինքը դասընթաց ա անցել, ինքը ստացել ա լիցենզիա: Դրանից ինքը տեղյակ ա»:
Ի դեպ, հանձնաժողովի անդամ Աշխեն Հովհաննիսյանը մեծ աղմուկ հանած միջադեպից հետո էլ կրկին իր աշխատանքին էր վերադարձել՝ ընտրողներին քվեաթերթիկներ էր տալիս:
Թիվ 8 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Նորիկ Երանյանի միջամտությամբ նա դադարեցրեց իր այդ գործը: Նկատենք, որ չնայած Աշխեն Հովհաննիսյնանը պնդել էր թե քաղաքացիների քվերակած քվեաթերթիկ չի տվել, բայց իրավիճակը ցույց է տալիս, որ հայտնվել է ամբաստանյալի աթոռին: