Կառավարությունն անմահության էլիքսիր է փնտրում. ինչպե՞ս է կրճատելու մահացությունների մակարդակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության 2017-22թթ. գործունեության ծրագիրը լի է զավեշտալի դրույթներով: Առաջիկա հինգ տարիների համար կառավարությունն, օրինակ, խոստանում է. «Ժողովրդագրական վիճակի բարելավման նպատակով անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված արտագաղթի դադարեցմանը, ծնելիության բարձրացմանը, կյանքի տևողության երկարացմանը, մահացությունների մակարդակի կրճատմանը, ամուսնությունների թվի ավելացմանը, ինչպես նաև հայրենադարձության նախապայմանների ստեղծմանը, արտաքին միգրացիայի բացասական մնացորդի կրճատմանը և աղետներից զոհերի թվի էական նվազեցմանը»:

Կառավարության ծրագրում այս դրույթը տեղ է գտել Սերժ Սարգսյանի` ԱԺ-ին հղած ուղերձի հիման վրա, երբ նա խոստացել էր մինչեւ 2040 թվականը բնակչության թիվը հասցնել առնվազն 4 միլիոնի, եւ որպես ժողովրդագրական վիճակի բարելավման ճանապարհ մատնանշել հետեւյալը`«արտագաղթի դադարեցում, ծնելիության բարձրացում և կյանքի տևողության երկարացում, և արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում»: Ու քանի որ Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշել էր ծրագրում ավելի հավակնոտ գտնվել, ժողովրդագրական վիճակը բարելավելու համար ներառել է լրացուցիչ մի քանի դրույթ: Միայն թե, պարզ չէ` կառավարությունն ի՞նչ միջոցներով է իրագործելու խոստումները: Օրինակ` ինչպե՞ս է երկարացնելու մարդկանց կյանքի տեւողությունը կամ ինչպե՞ս է կրճատելու մահացությունների մակարդակը:

Որքան մեզ հայտնի է` մարդկությունն իր պատմության ողջ ընթացքում փորձել է հայտնաբերել կյանքի տեւողությունը երկարացնելու, անգամ` անմահության էլիքսիրը: Անտիկ դարաշրջանում, օրինակ, երկարակեցության եւ հավերժ երիտասարդ մնալու գաղտնիքը համարում էին կույսերի շունչը, եւ շատ արքաներ իրենց շրջապատում էին դեռահաս աղջիկներով: Հունգար կոմսուհի Էլժբետ Բատորին 1600-ական թվականներին կարգադրել էր սպանել երիտասարդ աղջիկներին, եւ նրանց արյունից «երիտասարդացնող վաննաներ» էր ընդունում: Նման արդյունալի ծեսեր ընդունված էին նաեւ Ֆրանսիայում: Ավելի ուշ` միջնադարում փորձում էին էլիքսիրներ պատրաստել տարբեր նյութերից, կենդանիների մարմնի մասերից: Բայց, ինքներդ եք հասկանում, այդ բոլոր փորձերը պսակվել են անհաջողությամբ: Դժվար է պատկերացնել, թե հիմա ի՞նչ նորամուծություն կարող է անել կառավարությունը: Էլ չենք ասում, թե ինչ է անելու կառավարությունը մյուս ուղղություններով` արտագաղթի դադարեցում կամ ծնելիության բարձրացման, ամուսնությունների թվի ավելացման նպատակով, եթե Հայաստանում շարունակում են մնալ այս ամենին խոչընդոտող գործոնները:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս