Քննարկվել են հայ-բրիտանական համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնոուրթին:

Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ վարչապետն ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում կուտակվել է համագործակցության հարուստ փորձ: Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության կողմից Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների իրականացման նպատակով ցուցաբերված օժանդակությունը և ավելացրել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է համագործակցության ընդլայնմամբ՝ հատկապես տնտեսության ոլորտում: Այնուհետև Կարեն Կարապետյանն անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին և կառավարության գործունեության նոր ծրագրին: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության նոր ծրագրում հստակ ձևակերպված են մեր երկրի զարգացման ուղիներն ու տեսլականը:

Իր հերթին, Ջուդիթ Մարգարեթ Ֆարնոուրթը նշել է, որ Միացյալ Թագավորությունը շահագրգռված է համագործակցելու ՀՀ կառավարության հետ կոնկրետ ուղղություններով և տեղեկացրել, որ արդեն իսկ հաստատվել է Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված օժանդակության մեծացման ծրագիրը: Դեսպանն ընդգծել է, որ բրիտանական ընկերությունների շրջանում մեծ է հետաքրքրությունը մեր երկրի արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Տիկին Ֆարնոուրթը հույս է հայտնել, որ ՏՏ ոլորտի հայաստանյան 17 և բրիտանական 100 ընկերությունների ներկայացուցիչների միջև մարտին կայացած հանդիպումների արդյունքում կստորագրվեն բիզնես պայմանագրեր և ավելացրել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարվում են կոնկրետ քայլեր:

Կարեն Կարապետյանը կարևորել է բրիտանական կապիտալի և բիզնես կառավարման մշակույթի ներգրավումը Հայաստանում նախատեսվող տարբեր ծրագրերում և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է կոնկրետ ուղղություններով ծավալել ակտիվ փոխգործակցություն:




Լրահոս