Երեւանի քաղաքապետարանը դատական հայց է ներկայացրել ակտիվիստ Շահեն Հարությունյանի դեմ: Պատճառը 2017 թվականի մարտի 16-ին Արթուր Սարգսյանի` «Հաց բերողի» հիշատակին Շահեն Հարությունյանի կազմակերպած բողոքի ակցիաներն էին: Հիմա քաղաքապետարանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 19-ին հավաք անցկացնելու համար:
ArmLur.am-ը մեկնաբանությունների համար դիմեց Շահեն Հարությունյանին: «Պարզապես, իմ հանդեպ քաղաքական հետապնդում է կատարվում»,- եղավ նրա պատասխանը: Շ. Հարությունյանի խոսքով` քաղաքապետարանը հայցի հետ կապված իրեն որևէ բացատրություն չի տվել: «Ես իրենց դեմ եմ պայքարում, իրենք` իմ»,- ավելացրեց Հարությունյանը:
Լյուսի Պողոսյան