ՀՀԿ-ականները հանդիպել են. ինչ հարցեր են քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ անդամներին է ներկայացրել կառավարության գործունեության նոր ծրագիրը: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ վարչապետն անդրադարձել է կառավարության ծրագրի մանրամասներին և իր ու կառավարության թիմի անդամների անունից վստահությամբ պատրատաստակամություն իրականացնել ծրագրում ներառված նպատակները:

«Կառավարության ծրագրում բավականին բազմաբովանդակ ներառված են բոլոր ոլորտները: Ներկայացվել է կանխատեսելի, իրատեսական, հավակնոտ, ըստ տարեթվերի նախատեսված միջոցառումների ծրագիր, որը պետք է իրականացվի թիմային աշխատանքի արդյունքում: Վարչապետն իր և կառավարության անդամների կողմից վստահաբար պատրաստակամություն է հայտնում իրականացնել ծրագիրը և հասնել ներկայացված թվային ցուցանիշներին»,­ «Արմենպրես»­-ի հաղորդմամբ,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ ծրագիրն իր ոճով տարբերվում է նախորդ տարիների ծրագրերից: Հանրապետական խմբակցության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ հինգ տարի անց Հայաստանը կլինի այնպիսին, ինչպիսին ներկայացված է ծրագրով:

«Կունենանք աճողական Հայաստան»,-­ ընդգծեց Վահրամ Բաղդասարյանը:




Լրահոս