ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունը և դիվանագիտությունը պետք է փոխեն իրենց կուրսը:
«Վերջին երեք-չորս տարիների ընթացքում մեզ ասում էին, թե Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային անվտանգության խնդիրն է լուծում, մեր իշխանավորները նաև ասում էին, որ ՀԱՊԿ-ի դեպքում չի լինելու որևէ ռազմական ոտնձգություն, տարօրինակ է լսել, որ մեզ ներկայացնում էին տնտեսական համակարգ՝ Մաքսային միություն, որը հետո դարձավ ԵՏՄ՝ իբրև անվտանգության երաշխիք Արցախի և ՀՀ համար։
Իսկ ՀՀ դիվանագիտության մասը ներկայացնում էր, որ տարբեր հարթակներում իրենք դուրս են գալիս ամբողջ աշխարհի դեմ ՌԴ շահերի համար՝ հիմնավորվելով, թե իբր Ռուսաստանն է որոշում Հայաստանի անվտանգությունը։ Մինչդեռ իշխանությունները պետք է այլ ճանապարհներ գտնեն, հայտարարեն, որ այս երաշխիքները չեն գործում, ու փորձում են գտնել այլ երաշխիքներ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է նա։