Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային ժողովի ամբիոնից պատասխանեց հարցին՝ 2018թ. շարունակելո՞ւ է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, թե ոչ: ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ այդ հարցին բազմաթիվ անգամ պատասխանել է և պատասխանը չի փոխվել: «Այն հանգամանքը, որ մենք կառավարության ծրագիրը ֆիքսել ենք 2017-2022 թվականների համար, ինչ-որ առումով պատասխանում է ձեր հարցին»,- ընդգծեց վարչապետը:
Կարեն Կարապետյանն անդրադարձավ նաև պատգամավորի դիտարկմանը, թե կառավարության ծրագիրը քննարկելու համար վարչապետը հրաժարվել է հանդիպել «Ելք» խմբակցության հետ՝ պատճառաբանելով, որ ժամանակ չունի: «Ես երեկ ժամը 18:00-ին եկել էի ձեզ հետ հանդիպման և զարմացա, որ «Ելք» խմբակցությունը ներկա չէր: Ես կառավարության ծրագիրը ներկայացնելու համար խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնել եմ և երեկ էլ եկել էի ձեզ հետ հանդիպման: Ես չեմ ասել՝ հանդիպելու ժամանակ կամ ցանկություն չունեմ: Նման ձևակերպում չի եղել»,- ընդգծեց վարչապետը:
Ապա նույն հարցով վարչապետին դիմեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: