ՖՈՏՈ. «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը թեժ է անցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի գործով առանձնացված մասի դատավարությունը:

Դատական նիստն անցկացվում է արտագնա՝ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատավորն է Արտուշ Գաբրիելյանը:

Նշենք, որ նիստերի դահլիճը հատուկ այս դատավարության համար ապակեպատ է դարձվել: Մինչեւ նիստի մեկնարկը դատական կարգադիրչները կրկին փորձել են խուզարկել փաստաբաններին:

Դատական նիստը դեռ չմեկնարկած` հետաձգվել է, քանի որ եւ ամբաստանյալները, եւ նրանց հարազատները աղմկում էին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Դատական նիստը թեժ մթնոլորտում է անցկացվում: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրահանգեց հարգել դատարանին, ինչի ի պատասխան` ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը հայտարարեց. «Եթե հարգեինք դատական մարմնին, այսօր այստեղ չէինք լինի, ստրուկի նման ծառայում եք»:

Ապա դատավորը նշեց, որ կողմերը հնարավորություն ունեն բացարկ հայտնել դատավորին:

«Հայ ժողովուրդը բացարկ հայտնել է ամբողջ համակարգին»,- ասաց ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը:

Դատարանը սանկցիա կիրառեց Եղիազարյանի նկատմամբ եւ 6 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից: Դատավորը մեկ ժամ ընդմիջում հայտարարեց:




Լրահոս