ՀԱՊԿ-ը ՄԱԿ-ի առաջարկով ստեղծում է հատուկ նշանակության խաղաղապահ ոստիկանության ստորաբաժանումներ, որոնք մասնակցելու են խաղաղության պահպանմանը միտված գործողություններին: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: «Ներկայումս մենք ստեղծում ենք հատուկ նշանակության ոստիկանական ստորաբաժանումներ, որոնք լինելու են մարտական պարտաստվածության քսանչորս ժամ անընդհատ եւ որոնք կարող են մասնակցել ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին»,- ասել է Վալերի Սեմերիկովը:
Ըստ հաղորդման, նոր ստեղծվելիք ստորաբաժանման կազմը ընտրվելու է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ համակարգի աշխատակիցներից: «Այդ ստորաբաժանման կառուցվածքը արդեն քննարկված է Անվտանգության խորհրդի Քարտուղարության կոմիտեի կողմից եւ մենք զեկուցելու ենք առաջիկայում անդամ պետությունների նախագահներին մեր առաջարկների մասին»,- նշել է Վալերի Սեմերիկովը:
Վերջինս նաեւ ասել է, որ ՄԱԿ-ը ճանաչել է ՀԱՊԿ խաղաղապահներին որպես ՄԱԿ չափանիշներին համապատասխան եւ ՀԱՊԿ խաղաղապահները կարող են մասնակցել ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին երրորդ երկրներում: