ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 8 հա տարածք վարձակալության տրամադրել «Ագրոինտեքս» ընկերությանը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նշված ընկերությունը մտադիր է այդ տարածքում ինտենսիվ այգիների տնկարաններ հիմնել: Տեղեկացնենք, որ Մերձավանի 8 հա հողատարածքը պատկանում է գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Եւ ԳՆ-ն դիմել է կառավարություն եւ խնդրել ՊՈԱԿ-ից հետ վերցնել տվյալ տարածքը եւ 25 տարի ժամկետով վարձակալության տալ «Ագրոինտեքս» ընկերությանը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարձակալության տրամադրվող հողամասի ամսական վարձավճարը` կազմում է 50 հազար դրամ: Սակայն այդ վճարները ուղղվելու են ոչ թե գյուղապետարանի, այլ ՀՀ պետական բյուջե: Նշենք նաեւ, որ ընկերությունը պարտավորվում է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո կատարել 176 մլն 594 հազար 720 դրամի ներդրումներ:
Ի դեպ, կապիտալ ներդրումների առաջին փուլը 2017 թվականի օգոստոսի 1-ից 2018 թվականի ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում է լինելու, երբ կիրականացվեն այգու հողատարածքի բարեկարգման, տեսահսկման, մետաղական ցանկապատման, հակակարկտային համակարգի ներդրման եւ այլ աշխատանքներ:
Իսկ ահա կապիտալ ներդրումների երկրորդ փուլում` 2019 թվականի օգոստոսի 1-ից 2020 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում, կառուցվելու է այգու պահպանման եւ ներկայացուցչական գործունեության համար անհրաժեշտ շինությունը եւ գյուղմթերքների պահեստավորման եւ պահպանման համար պահեստ:
Սյունէ Համբարձումյան