Սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:

Ողջունելով դեսպանին ՝ նախարարը ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը և այդ քաղաքականության իրականացմանը նպաստող ծրագրերը, ինչպես նաև, նախարարության առաջնային խնդիրներն ու անելիքները:

ԱՄԷ դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության ու հանգամանալից զրույցի համար, և նշեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններում հետաքրքրված են Հայաստանով և փնտրում են հնարավորություններ հայ-էմիրաթական բարեկամական կապերն էլ ավելի սերտացնելու համար, նշեց, որ հայերը շատ մեծ ներդրում ունեն երկրի գործարարության,  մշակույթի և կրթության բնագավառում: Պարոն դեսպանը շեշտեց, որ նախատեսվում է ԱՄԷ փոխէմիրի այցելությունը Հայաստան:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ բարեկամությունը ավելի է ամրապնդվում, երբ բարեկամները մոտիկից են ծանոթանում, ճանաչելի են դառնում: Նա հորդորեց ավելացնել տարբեր մակարդակների փոխայցելությունները, զարգացնել զբոսաշրջությունը, համատեղ կոնֆերանսներ, քննարկումներ, ցուցահանդեսներ, համերգներ կազմակերպել:

Առաջարկները ոգևորությամբ ընդունվեցին: Քննարկվեցին նաև հետագա համագործակցության այլ հարցեր:




Լրահոս