Մանրամասներ. Ադրբեջանում հայտնված «դիվերսանտը» հաշվառված է Վանաձորի ծերանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որում պատկերված անձին ներկայացնում են որպես ՀՀ քաղաքացի: Ըստ տեղեկությունների, նա ասել է, թե իր անունը «Զավեն Կարապետյան է, ծնված 1974թ. նոյեմբերի 16-ին Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում, գյուղացի է»: Սակայն Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե իրենց գյուղում նման անձ չկա: Իսկ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսպես մեկնաբանեց. «Հայկական զինված ուժերը որևէ դիվերսիա չի իրականացրել և որևէ դիվերսանտի կորուստ չունի: Մենք նման դիվերսանտ չունենք և չենք էլ ունեցել»:

Ինչեւէ ArmLur.am-ը փոքրիկ հետաքննություն իրականացրեց եւ պարզեց, որ ընտրողների ռեգիստրում 1974 թվականին ծնված Զավեն Կարապետյան անունով անձնավորություն ապրում է Վանաձոր քաղաքում: Տեղեկացանք, որ վերջինս գրանցված է Վանաձորի տարեցների տանը: Ինչևէ, կապ հաստատեցինք Վանաձորի տարեցների տուն, որտեղից հայտնեցին, որ վաղ առավոտյան իրենց մոտ են եկել ռազմական ոստիկանության աշխատակիցները եւ հետաքրքրվել են, թե արդյոք տարեցների տանը Զավեն Կարապետյան անուն-ազգանունով մարդ է ապրում.

«Մենք ասացինք, որ տարեցների տանը նման անձնավորություն չկա», – նշեց նա: Մեր այն դիտարկմանը, եթե նման մարդ չկա, ապա ինչպես է այդ անուն- ազգանունը հայտնվել ընտրողների ռեգիստրում, տարեցների տնօրեն Մանուշ Օհանյան ասաց. «2002 թվականից աշխատում եմ տարեցների տանը, բայց նման մարդ չի եղել մեզ մոտ: Զավեն Կարապետյանը մանկատան սան է եղել. 1993 թվականից հետո «Ազնավուրը Հայաստանին հիմնադրամի» սաներից մեկն է եղել: 2002 թվականից այս կողմ տարեցների տանը մարդ չի եղել: Ինքը մանկատան սան է եղել: Այն ժամանակ Ազնավուրը  մանկատան երեխաներին տեր է կանգնել եւ նրանցից մեկն էլ Զավեն Կարապետյանն է եղել: Ինքը հասցե չի ունեցել, իրեն գրանցել են այդ հասցեում: Ես չեմ ճանաչում իրեն, միայն լսել եմ իր մասին», -նշեց նա:

Ի դեպ, Վանաձորի որոշ բնակիչներ նրան տեղը բերել են, սակայն նշում են, որ այդպիսի բեղեր նախկինում չի ունեցել. «Տասը տարի է անցել, նրան չենք տեսել: Նախկինում կնոջ հետ ռեստորանում պահակ էր աշխատում: Առողջական խնդիրներ ուներ»,- նշեցին նրանք: Այլ տեղեկությունների համաձայն էլ նրան 2-3 ամիս առաջ Վանաձորում տեսնողներ են եղել:




Լրահոս