Կուրսանտին մեղադրանք է առաջադրվել՝ արձակուրդում գտնվելու ժամանակ տարեց կնոջը կողոպտելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են տարեց կնոջը կողոպտելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինծառայողին:
2016թ. դեկտեմբերի 16-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի շենքերից մեկի մոտ բացահայտ հափշտակել են տարեց կնոջ դրամապանակը:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է ժամկետային զինծառայող, 20-ամյա կուրսանտ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 20-ամյա կուրսանտը, գտնվելով արձակուրդում, 2016թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի շենքերից մեկի մոտ տարեց կնոջ ձեռքից քաշելու միջոցով բացահայտ հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար և դեղահաբեր, ապա՝ դիմել փախուստի:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ կուրսանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ՀՀ քննչական կոմիտե




Լրահոս