Երեկ ԱԺ նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրին, թե արդյո՞ք 2018թ. ինքն է լինելու վարչապետը, կրկնել է իր հայտնի պատասխանը. «Ես պատրաստ եմ լինել վարչապետ, այս պատասխանը ձեզ բավարա՞ր է»:
Ուշադրություն դարձրեք, Կարեն Կարապետյանը այդպես էլ հստակ չի պատասխանել` ինքն է լինելու վարչապետը, թե ոչ, բայց կրկին վերահաստատել է վարչապետ աշխատելու ցանկությունը: Միայն թե, ինքներդ եք հասկանում, տվյալ դեպքում այնքան էլ կարեւոր չեն Կ. Կարապետյանի ցանկությունները, «պատրաստ լինել-չլինելը»:
Վարչապետի հարցը որոշելու է ՀՀԿ-ն, մասնավորապես, Սերժ Սարգսյանը: Եվ այս առումով պատահական չէին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունները: «Անկախ 2018 թվականին վարչապետի անձից՝ գործ պետք է ունենաք քաղաքական իշխանության հետ՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, մեր պարագայում գործ պիտի ունենաք ՀՀԿ-ի հետ՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»,- ընդգծել է նա: Այլ կերպ ասած, Շարմազանովն իր հայտարարությամբ փորձել է զսպել Կարեն Կարապետյանի ախորժակը` կրկին հիշեցնելով, որ որոշողը Սերժ Սարգսյանն է: Հասկաանալի է` այս հայտարարությունները Շարմազանովն արել է ոչ թե ինքնագլուխ, այլ` նույն Ս.Սարգսյանի հետ համաձայնեցված:
Արման Գալոյան