Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ երկրորդ Նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանին` ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Հարգարժան Արկադի Արշավիրի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի` ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Ձեր ամբողջ կյանքն ու անցած ուղին հայրենիքին ու հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելու վառ օրինակ են, ինչի շնորհիվ էլ արժանացել եք «Արցախի հերոս» բարձր կոչմանը: Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում եւ արել եք հնարավորը մեր ժողովրդի նվիրական իղձերի ու ձգտումների իրականացման, Արցախի Հանրապետության կայացման ու զարգացման, մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման եւ նրանց բարեկեցության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Այսօր էլ Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները Դուք օգտագործում եք ի նպաստ մեր պետության եւ ժողովրդի: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ Ձեր հայրենանվեր գործունեության ընթացքում»: