«Ես նկարում եմ Պետերբուրգը» միջազգային մրցույթի հաղթող երևանցի դպրոցականները հանդիպել են Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես նկարում եմ Պետերբուրգը» միջազգային մրցույթում հաղթած դպրոցականներին հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Մրցույթին մասնակցած Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանն ու Մոլդովան ներկայացնող ավելի քան 1000 դպրոցականներից հաղթող են ճանաչվել 38-ը, որոնցից 14-ը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային կրթօջախների սաներն են:

Գեորգի Պոլտավչենկոն շնորհակալություն է հայտնել փոքրիկ նկարիչներին Սանկտ Պետերբուրգի հանդեպ ցուցաբերած անկեղծ հետաքրքրության համար: Նա նշել է, որ մրցույթը հնարավորություն է ընձեռնել ավելի շատ բան իմանալու ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի մասին, ինչպես նաև ձեռք բերելու ընկերներ՝ տարբեր երկրներից: Հանդիպման ավարտին Սանկտ Պետերբուրգի նահանգապետը հուշանվերներ է հանձնել երեխաներին և մաղթել, որ աշխարհը ճանաչելու ցանկությունը երբեք չլքի նրանց:

Հարկ է նշել, որ մրցույթի հաղթող երեխաների համար նախատեսված է մշակութային հագեցած ծրագիր, այդ թվում ճանաչողական այցելություններ Սանկտ Պետերբուրգի տեսարժան վայրեր, Պուշկինո, Պետերգորֆ և այլն: Բացի այդ, երեխաները կմասնակցեն նաև սանկտպետերբուրգյան «Ալ առագաստներ» տոնակատարությանը:
«Ես նկարում եմ Պետերբուրգը» մրցույթի հաղթող երևանցի երեխաները Երևան կվերադառնան հունիսի 25-ին:




Լրահոս