
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:
Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը և Ժան-Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:
Օրակարգի շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են Եվրոպական խորհրդի հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որի ընթացքում նախատեսվում է քննարկել միգրացիոն խնդիրների և դրանց հիմնարար պատճառների վերացմանն ուղղված հարցեր: ԵԺԿ գագաթնաժողովի հիմնական օրակարգային հարցերից բացի անդրադարձ է եղել Արևմտյան Բալկաններում տիրող իրավիճակին:
Նախագահ Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, արձանագրված առաջընթացին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման խնդիրներին: