«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում էր և ներկայացնում էր իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, սեղանին դրված աշխատանքային թղթերի վրա հընթացս ուշագրավ նկարներ էր արել:
Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանին խնդրեցինք վերլուծել վարչապետի նկարած պատկերները:
«Սովորաբար այդ կարգի նկարները կոչվում են ավտոմատ, չգիտակցված կամ մեխանիկական գրառումներ, և գրաֆոլոգիայում շատ կարևոր նշանակություն ունեն:
Եվրոպական շատ երկրներում մարդուն աշխատանքի ընդունելիս այդ տեսակ նկարներին մեծ ուշադրություն են դարձնում: Եթե այդ փաստերը կան, շատ ավելի ինֆորմատիվ են դրանք, քան նույնիսկ ձեռագիրը»,- նախ ասաց Սամվել Խուդոյանը, ապա անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի նկարածներին ընդհանուր առմամբ՝ նկատեց, որ այն աչքի է ընկնում ավարտուն ու ամբողջական լինելով, ինչը վկայում է նկարողի համապատասխան բնավորության, գործը մինչև վերջ հասցնելու վճռականության մասին:
Ինչ վերաբերում է նկարում երևացող երկրաչափական պատկերներին, հոգեբանի գնահատմամբ` այդպիսի եռանկյունները տրամաբանության վրա հիմնվող, կամային, մի քիչ ագրեսիվ անձնավորության բնութագրեր են:
Վարչապետի նկարած պատկերների մեջ Սամվել Խուդոյանը ամենահետաքրքրականը համարեց խաչը:
«Գրաֆոլոգիայում խաչը սովորաբար մեղքի զգացման սիմվոլն է համարվում: Այսինքն, ըստ գրաֆոլոգիայի, եթե մարդը խաչեր է նկարում, այն էլ` այսքան մեծ, ուրեմն դա ակնհայտորեն վկայում է ինչ-որ հզոր մեղքի զգացման մասին»,- վերլուծեց մեր զրուցակիցը: