ArmLur.am-ը տեղեկացավ, որ այժմ քննարկվում է Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի բնակիչների փոխհատուցման հարցը: Այս մասին տեղեկացանք Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանից: Ինչպես հայտնի է` երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ժամը 23:55-ին ահազանգ էր ստացել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի արտաքին պատը փլուզվել է:
Նշենք, որ շենքն ունի շենքում 12 բնակարան կա, 35 բնակիչ: «Այս պահին ոչ ոք չի կարող ասել, թե ինչից է փլուզվել շենքի պատը: Այդ շենքը ժամանակին երկրաշարժ տեսած շենք է, վերջերս էլ` մեկ ամսվա ընթացքում, 2-3 բալ ուժգնությամբ ցնցում եղավ, հավանաբար դրա արդյունքում էլ շենքի պատը թուլացավ»,- ArmLur.am-ին ներկայացրեց քաղաքապետ Մխիթար Վարագյանը: Քաղաքապետը հայտնեց նաեւ, որ այդ շենքը վթարային չի եղել, հետեւաբար ընդգրկված չի եղել վթարային շենքերի ցուցակում:
Բարեբախտաբար, շենքի արտաքին պատի փլուզման արդյունքում մարդ չի տուժել. «Մենք գիշերը շենքի բոլոր բնակիչներին տարհանել ենք: Իսկ համապատասխան փոխհատուցման համար այժմ քննարկում ենք, տեսնենք` ինչ որոշում կկայացնենք»: