Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհել է «B+» վարկանիշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեղինակավոր Ֆիթչ վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհել է «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշ` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR): Համաձայն գործակալության կողմից հրապարակված զեկույցի՝ Բանկն արժանացել է նման գնահատականի շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության:

Ստացված վարկանիշը սահմանելիս հաշվի են առնվել Բանկի բացարձակ առաջատար դիրքը գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ենթակառուցվածքային հագեցվածությունը, այդ թվում՝ մասնաճյուղերի առկայությունը հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև իրացվելիության բարձր մակարդակը:

Fitch վարկանիշային գործակալության կողմից հրապարակված հաշվետվությունում նաև նշվում է, որ վերջին տարիների բարդ մակրոտնտեսական պայմաններում բանկը կենտրոնացել է ակտիվների որակի բարձրացման վրա, ինչի հետևանքով բանկի կողմից սահմանափակվել է վարկային պորտֆելի արագ աճը: Այս ամենն իր հերթին նպաստել և ապագայում էլ նպաստելու է ակտիվների ռիսկայնության նվազմանը և շահութաբերության աճին:

Fitch Ratings գործակալության կողմից ստացված վարկանիշային գնահատականը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար, և այն վերահաստատում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի առաջատար դիրքերը և թափանցիկ ֆինանսական կառույց լինելու փաստը:




Լրահոս