Վեոլիա Ջուր ՓԲԸ պարզաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս մի շարք զանգվածային լրատվամիջոցներ հրապարակել էին Գորիսի «Միրհավ» հյուրանոցի տնօրենի բողոքը անբավարար ջրամատակարարումից, որի վերաբերյալ Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն հարկ է համարում ներկայացնել համապատասխան պարզաբանում:

Գորիսն ունի այնպիսի ջրամատակարարման գրաֆիկ, ինչպիսին Վեոլիա Ջուրը ժառանգել է նախորդ Օպերատոր Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ից:

Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն ջրամատակարարման ԻՐ գրաֆիկը դեռեւս չի հրապարակել: Ընկերությունը հայտարարել է, որ նախորդ օպերատորների կողմից «2016 թվականի սեպտեմբերին հրապարակված ջրամատակարարման գրաֆիկները մնում են անփոփոխ՝ մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ գործողության ժամկետով»:

Տես՝ http://yerevandjur.am/hy/lratvowt-yown/mamowli-haghordagrowt-yownner: Սա բացատրվումն է նրանով, որ Երեւանից դուրս շատ բնակավայրերում պաշտոնապես հայտարարված գրաֆիկները տարբերվում են փաստացի գործող գրաֆիկներից: Այդ թվում Գորիսում: Սրանով պայմանավորված, Վեոլիա Ջուը ներկայումս ողջ հանրապետությունում իրականացնում է ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով եւ աշնանը կհրապարակվի նոր, հիմնավորված եւ իրականությանը համապատասխանող գրաֆիկ:

Իսկ «Միրհավ» հյուրանոցի տվյալ՝ բողոքի առիթ հանդիսացած ջրանջատումը կապված է եղել «Մուխուրթուրյան-Գորիս» ջրատարից սնվող Իշխանասար համայնքի ջրագծի վթարի հետ: Վթարի վերացման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են թվով 2 ամբողջովին քայքայված փականներ, որոնք փոխարինվել են նորերով: Դրա շնորհիվ դադարեցվել է վայրկյանում մոտ 20 լիտր ջրի կորոստ, որն ուղղվել է Գորիսի սպառողներին: Այդ մասին պատմող լուսանկարները և 2 հաղորդագրություն տեղադրված է ընկերության Ֆեյսբուքյան էջում: Հիմա՝ ըստ բողոքի էության: Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն գործում է 2017թ. հունվարի 1-ից, իսկ հյուրանոցի տնօրենի ասելով ինքն առնչվում է խնդրին առնվազն 12 տարի:

Ասել է թե խնդիրը ոչ թե Վեոլիա Ջուրն է, այլ ջրամատակարարման ընդհանուր վիճակը Գորիսում: Իսկ այն, ինչպես եւ ամենուր Հայաստանում, կարիք ունի հետագա բարելավման ու կատարելագործման: Այս նպատակով ընթացիկ տարում Վեոլիա Ջուր ՓԲԸ սկսել է իրականացնել 1,8 մլրդ դրամի ներդրումային ծրագիր:

Իսկ ամռանը խնդիրը պարզապես սրվում է: Ընդ որում՝ ամենուր, եւ ոչ միայն Հայաստանում, եւ բացատրվում է շոգ եղանակներով պայմանավորված ջրի սպառման ծավալների ավելացմամբ: Իրավիճակը խորանում է քաղաքում ապօրինությունների ու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու պատճառով: Ի դեպ, հյուրանոցի տնօրենը չի թաքցնում, որ ջուրը իրեն պետք է նաեւ այգու ոռոգման համար, այն դեպքում երբ Հայաստանում իրավաբանական անձանց օրենսդրորեն խմելու ջուրն արգելված է այդ նպատակով օգտագործել: Հետո էլ նամակում մեղադրում է «Սիսիանի յաների իշխանիկներին», ովքեր, ըստ իրեն հասած լուրերի, խմելու ջուրն օգտագործում են իրենց բոստանները ոռոգելու նպատակով:

Այնուամենայնիվ, Գորիսի այն հատվածում, որտեղ գտնվում է «Միրհավ» հյուրանոցը, մենք այս պահին ընդհանուր առմամբ ապահովում ենք շուրջօրյա ջրամատակարարում: Ընկերությանը պատկանող ջրագծի ու հյուրանցի ջրագծի միացման կետում առկա է բավարար ճնշում: Ամեն ինչ արվում է քաղաքում ամռան սպառման «պիկին» պահպանելու համար կայուն ջրամատակարարում:

Հակառակ պարագայում, ինչպես ամեն մի սպառող, այնպես էլ «Միրհավ» հյուրանոցի տնօրենը իր բողոք-առաջարկություններով կարող է դիմել ուղղակի ջրամատակարարին: Հասցե՝ 0025, Երեւան, Աբովյան 66ա, Վեոլիա Ջուր ՓԲԸ: Հեռ.՝ 1-85, 011.300-185, էլ.փոստ՝ [email protected]: Պատասխանը, խոստանում ենք, չի ուշանա:

Վեոլիա Ջուր ՓԲԸ




Լրահոս