Գյումրիում ընկերությունը հրաժարվում է երթուղի սպասարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում «Նյու սիթի տրանս» ընկերությունը հրաժարվում է սպասարկել 40 ավտոբուսային երթուղին. ընկերությունը դեռ մայիսի 31-ին նման դիմում էր ներկայացրել քաղաքապետարան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երթուղին սպասարկելուց հրաժարվելու պատճառը 5 ավտոբուսների շարժիչների խափանումն է եղել: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանի հետ, ով հայտնեց, որ «Նյու սիթի տրանս» ընկերությունը անցած տարվանից սկսած պարբերաբար քաղաքապետարանին տեղեկացրել է, որ ավտոբուսների հետ կապված լուրջ խնդիրներ կան: Նկատենք, որ ավտոբուսները չինական են, 2013 թվականի արտադրության:

«Բայց օրենքով սահմանված կարգով ընկերությունը 45-օրյա ժամկետից շուտ պետք է օպերատորին զգուշացնի երթուղուց հրաժարվելու մասին, որից հետո միայն մենք կարող ենք լուծել իրենց եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագիրը: Այս պահին 1-ին համարի երթուղուց ենք մի քանի ավտոբուս բերել, որպեսզի այդ 45 օրը պահենք 40 համարի երթուղին, մինչեւ «Նյու սիթի տրանս» ընկերության հետ պայմանագիրը լուծենք: Չինական արտադրության ավտոբուսները 4 տարի ժամկետի մեջ են եղել, հիմա դրանց երաշխիքի ժամկետը լրացել է: Չորս տարիների ընթացքում յուրաքանչյուր ավտոբուսը 500 հազար կմ քշվել է: Լուրջ խնդիրներ են առաջ եկել, որոնք չենք կարող կարգավորել»,- բացատրեց քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ իրենք ընկերությանն առաջարկել են հին ավտոբուսները նորերով փոխարինել, որտեղից ի պատասխան՝ ասել են, որ այդ դեպքում ուղեւորատոմսի սակագինը կբարձրացնեն: Սակայն, ըստ Արտյոմ Սարգսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեմ է եղել այդ տարբերակին:

«Ժողովուրդ»-ի հարցին` այժմ քաղաքապետարանը ի՞նչ է ձեռնարկում հարցը լուծելու ուղղությամբ, տրանսպորտի հարցերով պատասխանատու Սարգսյանն ասաց. «22 համարի երթուղին սպասարկող ընկերությանը խնդրել ենք ուղեւորահոսքի կուտակումների դեպքում երկու-երեք մեքենա ավելացնել, որպեսզի հարցը դրական լուծվի»: Ապա տեղեկացրեց, որ 40 ավտոբուսային երթուղու համար հունիսի 1-ին մրցույթ է հայտարարվել, բայց այս պահին դեռ հայտ ներկայացնող չկա: Իսկ հայտերի ներկայացման ժամկետը մինչեւ հուլիսի 10-ն է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս