71 տարեկանում մահացել է կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գեւորգյանցը:
Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարությունից: Ռուբեն Գեւորգյանցի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
Ռուբեն Գևորգյանցը ծնվել է 1945թ. նոյեմբերի 30-ին, Երևանում: 1968թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: 1971թ. աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում` որպես ռեժիսոր: 1982-89թթ. եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը: 1989թ-ից եղել է փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: 1995-1998թթ. դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: 1998թ. դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2003թ-ից` պրոֆեսոր):
Նկարահանել է շուրջ 70 ֆիլմ` «Ներսիսյանցիները» (1968թ.), «Մի լուսանկարի հետքերով» (1970թ.), «Ներշնչանք» (1972թ.), «Ամենալավ մարդը» («Վերադարձի ուղին» նովել, 1979թ.), «Աշխարհումս» (1979-89թթ), «Բարի հետք» (1980թ.), «Հայկական աչքեր» (1980թ.), «Գիշերվա մեջ առկայծող կրակը» (1983թ.), «Քարեր ժողովելու ժամանակը» (2002թ.), «Հրաշագործի աշունը» (2008թ.) և այլն:
Մասնակցել է բազմաթիվ հայկական և միջազգային կինոփառատոների և արժանացել 21 դիպլոմի և մրցանակների, որոնցից 6-ը` գլխավոր: Հեղինակել է 3 գիրք` «Անձրևների ժամանակը», «Արդարացման ժամանակը», «Ժամանակ չկա»: Նկարահանվել է «Վրիժառու» (2008թ.) ֆիլմում:
1981թ. արժանացել է Օբերհաուզենի կինոփառատոնի գլխավոր մրցանակին` «Բարի հետք» ֆիլմի համար: 2002թ-ից Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, 2004թ-ից` Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահը, 2005թ-ից` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը: 1982թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2006թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:
«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրակազմը ցավակցում է ժողովրդական արտիստի հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ: