Երեկ համացանցում հանրության կողմից մեծ արձագանք ունեցավ Մկրտիչ Արզումանյանի (Մկո) զվարճալի գրառումը Instagram-ում, որով դերասանն անդրադառնում էր վարչապետ Կարեն Կարապետյանի՝ օդանավակայանի տաքսիստների արտաքինի վերաբերյալ արած հայտարարությանը. «էսօր առավոտ եմ թրաշվել, չստիկն ու սիգարետն էլ 5 տարի ա՝ թարգել եմ։ Տաքսի պե՞տք էր, տղերք ջան…», ասել է դերասանը:
ArmLur.am-ը դերասանից հետաքրքրվեց, թե իր գնահատմամբ` ի՞նչը կարող էր նման աղմուկի եւ քննադատության պատճառ դառանալ:
«Ում, որ պետք է, շահարկում է եւ ինչ-որ անիմաստ բաներ է ստեղծում: Ես ընդամենը կատակով գրառում եմ կատարել, որովհետեւ ասպարեզի մարդ եմ և պետք է հումորով անդրադառնայի»,- ասաց նա:
Մկոյի խոսքով՝ ոչ մեկին «տեղը դնելու» կամ վիրավորելու միտում չի ունեցել:
«Ես գիտեմ և զգում եմ՝ ինչ եմ արել: Դա ընդամենը առողջ հումոր էր: Չգիտեմ՝ ինչ թեմաներ են ուզում սարքել»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ վարչապետը կառավարության նիստերից մեկի ժամանակ, անդրադառնալով օդանավակայանի տաքսու վարորդներին, հայտարարել էր. «Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին… Ուղղակի չի կարելի, որ մեր երկիրը նման կերպ մարդկանց դիմավորի։ 20-30 հազար դրամի դիմաց բերում են Երեւանյան լճի մոտ եւ ասում՝ սա Սեւանն է…»:
Լիդա Եղիազարյան