Իրականացված ներդրումները ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի տնտեսության առաջընթացի համար. Աշոտ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հունիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ տարածաշրջանային հարցերով դեպարտամենտի գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլիվանի գլխավորությամբ։ Մասնակցել է նաև բանկի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալը։ Հանդիպմանը քննարկվել են բանկի աջակցությամբ էներգետիկ համակարգում իրականացվող ծրագրերը և համագործակցության հետագա հնարավորությունները։

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը կարևորել է ԱԶԲ-ի դերը Հայաստանի տնտեսության և էներգետիկ համակարգի զարգացման օժանդակության գործում.
-Ասիական զարգացման բանկը Հայաստանի խոշորագույն ներդրողներից մեկն է։

Իրականացված ներդրումները ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի տնտեսության առաջընթացի համար։ Վստահ եմ, որ այդ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում, – նշել է նախարարը։

Աշոտ Մանուկյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայաստանի էներգետիկ ոլորտում բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը, անդրադարձել էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ կատարվող քայլերին։

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ կարևորվել է համագործակցությունը հատկապես պետություն-մասնավոր հատված գործակցության շրջանակում։ Դիտարկվել են համակարգի մի շարք ընկերություններում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները։

ԱԶԲ տարածաշրջանային հարցերով դեպարտամենտի գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլիվանին հայտնել է բանկի պատրաստակամությունը Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման և լրացուցիչ օժանդակության տրամադրման առնչությամբ։

Հանդիպումն անցել է փոխըմբռնման բարձր մթնոլոտում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել դիտարկել փոխգործակցության հնարավորությունները՝ քննարկված գրեթե բոլոր ծրագրերի վերաբերյալ։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս