«Էտ մուտիլովշչիկությունը Դուք պետք է մենակ գտնեք». ընդդիմադիր Վարդան Ղուկասյանը կո՞ղմ է քվեարկել կառավարության ծրագրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանը երեկ 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է կառավարության ծրագիրը: Չնայած դեմ ձայների պատկառելի թվին՝ իշխող կուսակցությունը կարծես թե գոհ էր մնացել արդյունքից եւ որոշել էր իր ձեւով շնորհակալություն հայտնել կառավարության ներկայացուցիչներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հենց խորհրդարանում ֆուրշետ էր կազմակերպել կառավարության ներկայացուցիչների համար: Իսկ կոնյակի եւ ուտելիքի հոտը տարածվել էր ԱԺ երրորդ հարկով մեկ:

«Ժողովուրդ»-ի աչքից, սակայն, չվրիպեցին քվեարկության ժամանակ եղած «անակնկալները»: «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած ծրագրին դեմ քվեարկելու մասին: Սակայն պարզվում է՝ «Ծառուկյան» դաշինքից ոչ բոլորն են ենթարկվել խմբակցության պահանջին: Մասնավորապես Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, իսկ այժմ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը կառավարության ծրագրին կողմ էր քվեարկել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, նա պնդում էր, որ դեմ է քվեարկել:

Մեր այն դիտարկմանը, թե անհատական քվեարկության էլեկտրոնային համակարգում արձանագրված է, որ կողմ եք քվեարկել, Ղուկասյանն արդարացավ. «Էտ մուտիլովշչիկությունը Դուք պետք է մենակ գտնեք: Այնքան տեխնիկական սխալներ կան, ես մոտեցել եմ, ասել եմ եւ բարձրաձայն ասել եմ, որ մենք դեմ ենք: Ես յոթը ձեռքով դեմ եմ, որովհետեւ ժողովրդի վիճակը վատ է, բայց այդ աշխատատեղերը չեն ստեղծվում, իսկ պետությունն իր սեփականությունը չի ունենում»: Միայն թե, նշենք, որ ԱԺ պաշտոնական կայքում այդպես էլ որեւէ ուղղում չկար:




Լրահոս