Կառավարությունը հակասում է Սերժ Սարգսյանին ու միջազգային հանրությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արտաքին քաղաքական ուղեգծի իրականացումն ուղղված է լինելու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- սա մեջբերում է կառավարության` 2017-2022թթ ծրագրից, որ նախօրեին 64 կողմ, 31 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանության արժանացավ խորհրդարանում:

Միայն թե, նկատենք, որ այս ձեւակերպմամբ կառավարությունն ըստ էության հակասում է Արցախյան հիմնախնդրի կարգավորման միջազգային սկզբունքներին: Ինչպես հայտնի է, Ղարաբաղյան հակամարտության հիմքում ընկած են ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքները: Բայց հիմա, երբ կառավարությունն իր ծրագրում թեեւ խոսում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների մասին, բայց առանձնացնում ազգերի ինքնորոշման իրավունքը, անուղղակի մարտահրավեր է նետում միջազգային հանրությանը, ցույց տալով, որ պատրաստ չէ փոխզիջումների: Ընդ որում, նման ձեւակերպումներ տրված է մի կառավարության ծրագրում, որի ղեկավարը 2018թ. ապրիլից հետո, երբ ամբողջությամբ ուժի մեջ մտնի նոր սահմանադրությունը եւ հաստատվի կառավարման նոր համակարգ, դառնալու է երկրի փաստացի ղեկավարը:

Մեկ ուշագրավ փաստ էլ: Գործող նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է հիմնախնդիրն այդ սկզբունքների շրջանակներում լուծելու պատրաստակամության մասին: Ավելին, նախորդ տարվա նոյեմբերին ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում նա նույնիսկ ասել էր. «2007 թվականին, երբ ես դեռ վարչապետ էի, համանախագահները մեզ առաջարկեցին լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը երեք սկզբունքի հիման վրա։ Առաջին սկզբունքն ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումն է, երկրորդը` պետության տարածքային ամբողջականությունը, երրորդը` ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը։ Այդ սկզբունքները չեն հակասում միմյանց, որովհետեւ քաղաքակիրթ աշխարհում բոլոր հարցերը լուծվում են առանց ուժ կիրառելու, առավել եւս` պետությունների միջև։ Ես հասկանում են, որ լինում են բացառություններ, հենց այդ բացառություններն էլ հաստատում են կանոնները։ Տարածքային ամբողջականություն. մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Բայց ժողովրդի ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, որովհետեւ տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջեւ հարաբերություններին, իսկ ինքնորոշումը` մայրաքաղաքին եւ ժողովրդին, որը բնակվում է իր պատմական հայրենիքում։ Եթե մենք անտեսում ենք ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից: Չէ որ դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա։ Ուստի այս սկզբունքները միմյանց չեն հակասում։ Երբ մենք ստացանք համանախագահների առաջարկը, հայկական կողմն ասաց, որ դա այն փաստաթուղթը չէ, որի մասին մենք երազել ենք, բայց մենք համաձայն ենք բանակցություններ վարել այդ սկզբունքների շրջանակում և այդ փաստաթղթի շուրջ։ Ադրբեջանը երկար ժամանակ չէր համաձայնում»։

Ու հիմա, երբ կառավարությունը խոսում է միայն ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, անուղղակի հակասում է նաեւ Սերժ Սարգսյանին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս