Միջազգային ՏՏ փորձագետ Միխայիլ Կաշկինը Երևանում վարպետության դաս է անցկացրել, ներկայացնելով Python-ը՝ ծրագրավորման ամենատարածված լեզուներից մեկը։
Միխայիլ Կաշկինը ծրագրավորման այս լեզվով աշխատում է 16 տարի՝ համագործակցելով Google-ի և Fortune 500 ցուցակում ընդգրկված այլ ԱՄՆ առաջատար ընկերությունների, ինչպես նաև Եվրոպայի, ԱՄՆ-ի, Թաիլանդի, Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի պետական մարմինների հետ։
Monitis ընկերության ծրագրավորող Լևոն Եղիազարյանի օգնությամբ նա հայ ծրագրավորողներին ծանոթացրել է Python-ի ստեղծման պատմության, այդ լեզվի հիմնական գործառույթների, կիրառության ոլորտների ու ձևերի հետ։ Բացի Beeline-ի ներկայացուցիչներից վարպետության դասին մասնակցել են նաև Masys information systems, Ziltech, և Fifth ընկերությունների աշխատկիցները։
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այսօր աշխարհում առավել ակտիվ զարգացողներից մեկն է։ Այդ ոլորտի մասնագետների համար շատ կարևոր է քայլել ժամանակին համընթաց, ետ չմնալ նոր միտումներից ու լուծումներից։ Դա կարևոր է ոչ միայն իրենց մասնագիտական առաջընթացի, այլև Հայաստանի ընդհանուր զարգացման համար։ Հենց այս ոլորտին է Beeline-ն առանձնահատուկ ուշադրություն դարձնում, և առաջին հերթին՝ ծրագրավորողների ուսուցման հետ կապված հարցերին։ Վստահ եմ, որ այս վարպետության դասը հայ ծրագրավորողներին կոգեշնչի հասնելու նոր ձեռքբերումների և կօգնի մեր կյանքը փոխել դեպի լավը», – նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Այսօրվա դրությամբ Python-ն աշխարհում ծրագրավորման պահանջված լեզուներից մեկն է։ Python-ի հեշտ ընթեռնելիության ու հզորության շնորհիվ այն լայնորեն կիրառվում է կայքերի, տվյալների վերլուծության և մեքենայական ուսուցման համար։