Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը հունիսի 20-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ մեկ զոհված զինծառայողի ընտանիքի և մեկ 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հրապարակած տվյալները, պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Ռաֆիկի Հարությունյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Ալեքսան Սերգեյի Ավանեսյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ ինչպես նաև 20 տարվա ընթացքում համապատասխանաբար կտրամադրվի ամսական 250 հազար և 150 հազար ՀՀ դրամ:
Համաձայն «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: Հունվարի 1-ից հունիսի 19-ը ընկած ժամանակահատվածում հիմադրամն առավել շատ նվիրաբերություններ է ստացվել Հայաստանի Հանրապետությունից և Կիպրոսից (համապատասխանաբար՝ 28,491,786 ՀՀ դրամ և 4,801,750 ՀՀ դրամ), իսկ երրորդ առավել շատ նվիրաբերություններ իրականացրած պետությունն է Ռուսաստանը (2,647,574 ՀՀ դրամ): Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից հավաքագրված ընդհանուր միջոցները կազմում են 2 մլրդ 25 մլն 70 հազար 990 ՀՀ դրամ, իսկ կատարված հատուցումները եղել են 150 մլն 600 հազար դրամ: