Իրավապաշտպանն ահազանգում է կոռուպցիոն հերթական գործարքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նվիրատվության այս տարբերակը այն էլ Սերժ Սարգսյանի հետ կապակցված անձին, իր բովանդակությամբ կոռուպցիոն է»: Armlur.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը` անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` «Սպայկա» ընկերությանը հողամաս նվիրաբերելու առաջարկին: Ըստ այդմ, «Սպայկա»-ին Նորագավիթ թաղաամասին հարող տարածքում տրվելու է 76.4 հեկտար հողատարածք: Իսկ «Սպայկա» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկը, հիշեցնենք, Սերժ Սարգսյանի հայտնի փեսան է` Միքայել Մինասյանը, որին, փաստորեն, կառավարության որոշմամբ քաղաքապետարանն անհատույց հողատարածք է նվիրաբերել:

«Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը պետք է իրացվի մրցութային եղանակով, եթե մրցույթով չի իրացվում, այլ ուղղակի տրամադրվում է, ապա պետք է հիմնավորվի, իսկ հիմանավորման համար կարևոր է, թե բյուջեն, իսկ տվյալ դեպքում համայնքային բյուջեն ինչ եկամուտ է ստանալու: Կան դեպքեր, երբ նվիրատվություն է տրվում անհատույց օգտագործման ինչ-որ ժամանակով, որը նույնպես պետք է պայմանավորված լինի համայնքային խնդրի լուծմամբ: Իսկ նվիրատվության այս տարբերակը այն էլ Սերժ Սարգսյանի հետ կապակցված անձին, իր բովանդակությամբ կոռուպցիոն է»,- ասաց Արթուր Սաքունցը: Նա հիշեցրեց, որ այսօր կառավարությունը ծրագիր է ներկայացնում, հակակոռուպցիոն օրենքներ է ընդունում, կոռուպցիայի դեմ ելույթներ են ունենում, բայց նման որոշումներով զրոյացնում արածը:

«Այստեղ մեկ հարց ևս կա, ամենամեծ կապիտալը վստահությունն է: Որևէ ծրագիր գործողություն, որոշում, որպեսզի արդյունավետ լինի առաջին հեթին պետք ձևավորի վստահություն: Այս քայլը վստահություն չի ձևավորում, ավելին՝ այն ավելի է ամրապնդում գոյություն ունեցող խորը անվստահությունը»,- ArmLur.am-ի հետ զրույցում պնդեց նա:

Լյուսի Պողոսյան




Լրահոս