Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ հունիսի 26-30-ը կայանալիք նստաշրջանը խոստանում է թեժ լինել: Բանն այն է, որ վեհաժողովի առաջիկա նստաշրջանի առաջին իսկ լիագումար նիստի մեկնարկին ակնկալվում է կազմակերպել ԵԽԽ նախագահ Պեդրո Ագրամունտի իմպիչմենթի գործընթացը, եթե վերջինս սեփական կամքով հրաժարական չներկայացնի:
Հիշեցնենք, որ ապրիլյան նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ բյուրոն որոշում էր ընդունել, որով Ագրամունտն այլեւս վեհաժողովի նախագահը չէ եւ չի կարող հանդես գալ վեհաժողովի անունից: Սակայն հունիսի 7-ին Ագրամունտը նամակ է հղել ԵԽԽՎ քարտուղարին եւ քաղաքական խմբերին, որտեղ փորձում էր հիմնավորել, թե ապրիլյան նստաշրջանում բյուրոյի որոշումը հակասում է ԵԽԽՎ կանոնադրությանը: Եթե երկուշաբթի մեկնարկող նիստին Ագրամունտը հրաժարական չներկայացնի, ապա պատգամավորները նրան իմպիչմենթ կհայտարարեն: Նախ ընդգծենք, որ նման քայլ անելու հնարավորություն նախկինում չի եղել եւ միայն վերջերս՝ կանոնադրական հանձնաժողովի կատարած փոփոխությունից հետո, նման քայլ անելն արդեն հնարավոր է:
Հատկանշական է փաստը, որ ԵԽԽՎ այս նստաշրջանին հայկական պատվիրակությունը մեկնելու է նոր կազմով եւ նոր ղեկավարով՝ Արփինե Հովհաննիսյան: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով սպասվող նստաշրջանին, նշեց. «ԵԽԽՎ օրակարգում ներկայումս առաջնահերթություն է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության գործընթացը, որին նա ընդդիմանում է բոլոր հնարավոր եղանակներով՝ ընդհուպ վիճարկելով Էթիկայի հանձնաժողովի որոշումը: Օրակարգում պաշտոնանկության հարցը կա, կտեսնենք՝ ինչ կստացվի», – նշեց Ա. Հովհաննիսյանը:
Հարցին՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության մարտավարության մեջ փոփոխություն կմտցվի՞՝ հաշվի առնելով, որ ըստ գնահատականների՝ նախկին պատվիրակությունները ձախողել են իրենց առաքելությունը, Հովհաննիսյանը պարզաբանեց, որ հայկական պատվիրակության մարտավարությունը դեռ քննարկվելու է, եւ, ըստ այդմ, որոշ մոտեցումներ կարող են փոխվել, մի մասն էլ կմնան նույնը: «Ես՝ որպես ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, իմ մոտեցումներն ունեմ, եւ մենք պատվիրակության կազմում կքննարկենք դա», – հավելեց նա:
Մնում է սպասել` տեսնելու, թե մշտապես քննադատության ենթարկված ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն ինչպես կարող է իրեն դրսեւորել արդեն նոր կազմով:
Նաիրա Հովհաննիսյան