ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին երկու հայտարարությունը կարելի է հասցեական համարել, եթե դրանք նայենք լուրջ դիվանագիտական ենթատեքստով, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Ելք» դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող գործընթացներից: Սարգսյանը մեզ հետ զրույցում խոսեց նաեւ ՀՀԿ-ի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կազմակերպված «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ի մասին, որին զուգահեռ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածությունն է՛լ ավելի էր աճել:
-Պարո՛ն Սարգսյան, Արցախում անցկացված «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ին զուգահեռ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում լարվածությունն աճել էր, որի հետեւանքով հայկական կողմը նաեւ զոհեր ունեցավ: Որքանո՞վ են նման ֆորումներն ու քննարկումներն արդյունավետ:
-Ֆորումները չունեն այն ուժը, որով կարող են հստակ ազդեցություն ունենալ գործադիր իշխանության օղակների վրա, որոնք կշարժվեն այդ որոշումներով: Ֆորումներն արվում են խորհրդատվական նպատակով եւ տեսակետները շոշափելու առումով: Այս առումով, կարծում եմ, որ Ստեփանակերտում այդ կարգի ֆորումները կազմակերպելը ճիշտ է: Այլ բան է, թե օրակարգում ընդգրկված հարցերը որքանով էին այդ պահի համար հարմար, զեկուցողները որքանով էին անաչառ ու անկեղծ: Ընդհանուր առմամբ, Արցախում անցկացված ֆորումը դրական եմ գնահատում: Մենք այնտեղ էինք, երբ սահմանում նման դեպքեր եղան: Ես շատ կարեւոր եմ համարում Արցախում նման ֆորումներ, հանդիպումներ, լսումներ անցկացնելը, Հայաստան-Ղարաբաղ կապը պահելը: Ցակացած պահի նպատակահարմար է Ղարաբաղ գնալ եւ տեսակետներ հայտնել: Խնդիրները պետք է ավելի շատ լուծվեն տեսակետներով, քան կռվով, զոհերով:
-ԵԱՀԿ Մինսկի խումբն ավարտելով տարածաշրջանային այցը՝ հանդես եկավ նաեւ հայտարարությամբ: Այս անգամ հայտարարությունը հասցեական կարո՞ղ ենք համարել:
-Նրանց հայտարարությունն ինչ-որ առումով կարելի է համարել նաեւ հասցեական, եթե նայում ենք լուրջ դիվանագիտական ենթատեքստով: Հայտարարության մեջ հստակ նշված էր Ադրբեջանը, որից հետո նոր մնացած կողմերը: Նաեւ այդ հայտարարության մեջ շատ դրական եմ համարում, որ նշված տարածքները չէր համարվել օկուպացված, այլ համարվել էր տարածքներ:
-Մինսկի խմբի նախորդ հայտարարությունը եւս տարբերվում էր: Արդյո՞ք սա խոսում է գործելաոճի փոփոխության մասին:
-Համոզված եմ, որ աշխարհի համար մենք ավելի ընկալելի եւ հասկանալի ենք սկսել դառնալ, քան Բաքուն, որը անկառավարելի պահվածք է վարում՝ հայտարարելով, որ «Երեւանը մերն է», «Զանգեզուրը մերն է», «մենք պատերազմով ենք վերցնում» եւ այլն: Աշխարհն այսօր պատերազմ չի ուզում, եւ այն ուժերը, որոնք պատերազմից են խոսում, աշխարհը փորձում է դա զսպել, եւ, առավել եւս, որ այդ պատերազմից գոնե այս փուլում որեւէ մեկը չի շահի: Բաքուն այդ խնդրում ընկել է անհարմար իրավիճակի մեջ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: