Ադրբեջանը ձգտում է փոխել ստատուս-քվոն. ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավարտել են իրենց տարածաշրջանային այցերը: Օրերս նրանք ժամանել են Բաքու եւ հանդիպել Ադրբեջանի ղեկավարության հետ: Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը` Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովը հայտնել է՝ դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի:

Հասանովն ասել է նաեւ, որ այցն ուղղված է կողմերի դիրքորոշումների ճշգրտմանը: «Մենք կարծում ենք, որ ցանկացած ձեւաչափով անցկացված հանդիպումը նպաստում է ընդհանուր մոտեցումների որոնմանը: Դրանք վաղ թե ուշ կգտնվեն, հակառակ պարագայում պատերազմ կլինի»,- սպառնացել է նա:
Ուշագրավն այն է, որ համանախագահների այցի ֆոնին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում լարվածությունն աճել է: Համանախագահների այցի եւ սահմանային լարվածության շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովի հետ:

-Պարո՛ն Դուբնով, տարածաշրջան կատարած այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եղան նաեւ Ադրբեջանում, օրեր առաջ էլ Հայաստանում եւ Ղարաբաղում: Ի՞նչ կարող են տալ նման այցերը Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման համատեքստում:

-Այժմ այդ հանիպումներն ունեն գործնական բնույթ: Դրանք կոչված են չեզոքացնելու եւ նվազեցնելու բախման ռիսկերը: Խոսքը հենց այնպիսի բախումների մասին է, որոնք հենց տեղի ունեցան համանախագահների այցերի ընթացքում: Խնդիրն էլ հենց այն է, որ նման այցերի ընթացքում սահմանային իրավիճակը լարվում է: Չնայած ես չեմ կարծում, որ դրանք միտումնավոր են արվում, սակայն երկու կողմերն էլ սովորել են այն միֆին, որ այդպես էլ պետք է լինի եւ համանախագահների ընթացքում լարվածությունն աճում է:

-Բայց այսպիսի հանդիպումները ձեւակա՞ն բնույթ են կրում, թե՞ ամեն դեպքում կարող ենք դրական տեղաշարժեր սպասել:

-Ես չեմ կարծում, որ դրանք սիստեմային բնույթ են կրում: Իմ կարծիքով, դրանք ստրատեգիական հանդիպումներ են, որոնք անխուսափելի են: Երկու կողմերն էլ դեմ չեն եւ չեն խոչընդոտում, որպեսզի այդ հանդիպումները տեղի ունենան: Հետաքրքիր է, որ այժմ ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական կողմերը սովորել են սահմանային լարումներին եւ սպասում են դրանց: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է լոկալ զարգացումների, եւ հենց այդ պատճառով էլ դեռ երկար ժամանակ մենք ականատես կլինենք, թե ինչպես լոկալ լարումները կշարունակվեն, իսկ Մինսկի խումբն էլ կշարունակի միջոցներ եւ տարբերակներ փնտրել երկկողմանի զիջման, որպեսզի երկու կողմերի շահերն էլ համընկնեն: Սակայն չեմ կարծում, թե մոտ ապագայում դա հնարավոր է:

-Իսկ ինչո՞ւ հնարավոր չէ, եւ առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարող ենք ակնկալել:

-Որովհետեւ կողմերի մոտ տակտիկական անհամաձայնություններ կան: Որովհետեւ, օրինակ, մոնիթորինգի մասին երեւանյան մոտեցումը հնարավոր չէ, քանի որ ընդհանրապես չի համապատասխանում Բաքվի տեսակետին. վերջինս չի կարող ընդունել այն հասկանալի պատճառներով: Այժմ Ադրբեջանը աշխատում եւ ձգտում է միան ստատուս-քվոն փոխելու ուղղությամբ եւ չի թաքցնում դա, իսկ Հայաստանն էլ այն պահպանելու կողմնակիցն է եւ նույնպես չի թաքցնում դա: Սա դժվար հարց է, եւ ես այժմ չեմ նախանձում համանախագահներին, որոնց համար հիմա դժվար է գտնել որեւէ փոխզիջումային տարբերակ:

-Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո Իլհամ Ալիեւի խորհրդական Ալի Հասանովը հայտարարել է, որ ընդհանուր մոտեցումներ չգտնելու դեպքում պատերազմ կլինի: Այս խոսքով ասած՝ նրանք սպառնում են պատերազմով: Սա կարծես թե Ադրբեջանի կողմից նո՞ր մարտավարություն է:

-Միգուցե Մինսկի խմբի հետ հանդիպման ժամանակ ուղիղ այս մասին չի ասվել, բայց այլ հանդիպումների ժամանակ նման հայտարարություններ եղել են: Դա նոր չէ եւ, այո, դա ինչ-որ տեղ մարտավարություն է, քանի որ Ադրբեջանը պետք է աշխատի ստատուս-քվոյի դեմ, իսկ միակ տարբերակը պատերազմով սպառնալն է: Սա ստատուս-քվոյի փոփոխման ծայրահեղ տարբերակն է: Ես նշեմ, որ ապրիլյան իրադարձությունները պատերազմ չէի անվանի: Դա կոնֆլիկտի ավելի մեծ սրացում էր: Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց նման սրացումներ միանգամայն հնարավոր են:

-Վերջին իրադարձությունների հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ եւ 2 վիրավոր: Ի վերջո, որքա՞ն այս հակամարտությունը կարող է անլուծելի մնալ:

-Նման կոնֆլիկտների պարագայում մահերը, ցավոք սրտի, անխուսափելի են: Հակամարտությունը կարող է դեռ երկար այսպես մնալ, քանի որ լուծման համար նախադրյալներ չկան: Իսկ նման պարագայում պետք է պատրաստ լինել նրան, որ այսպիսի իրադարձությունները դեռ երկար կարող են շարունակվել:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս