Սերժ Սարգսյանը` «քաղաքականության» «կարմիր գրքում». «գորշ ու չստացված» փորձերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ «Ուղիղ կապով» պատասխանում էր ՌԴ քաղաքացիների հարցերին: Այդ պրակտիկան Պուտինը դարձրել է ավանդական եւ ամենամյա ռեժիմով հանդես է գալիս նման նախաձեռնությամբ: Նա անդրադարձել է երկրի արտաքին ու ներքին քաղաքականության բազմաթիվ հիմնահարցերի, որոնց շարքում հիշատակելի են ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ու Ուկրաինայի հարցը: Նկատենք, որ ի տարբերություն Պուտինի, Սերժ Սարգսյանը Հայաստանում հանդես չի գալիս նման նախաձեռնություններով՝ պարփակվելով «սիրելի ու վստահելի» լրագրողների հակիրճ հարցազրույցներում:

Այսպես՝ ՌԴ նախագահը նախ անդրադարձել է ԱՄՆ-ՌԴ հարաբերություններին՝ բացասաբար գնահատելով ԱՄՆ-ում ռուսաֆոբիայի դրսեւորումները: Նա պնդել է, որ դա չափազանց վատ երեւույթ է, եւ իր մտահոգությունն արտահայտել Ռուսաստանը որպես թշնամի ընկալելու ամերիկյան մոտեցման կապակցությամբ: Նա հավելել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին ընկալում է որպես գործընկեր եւ համատեղ աշխատանքներով է հնարավոր միայն լուծել համաշխարհային կարեւորություն ունեցող խնդիրները: Նա բոլոր չարիքների, այդ թվում ահաբեկչության ու ծայրահեղականության արմատները տեսնում է աղքատության մեջ, ուստի եւ կարծում է, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պետք է առավելագույն ջանքեր ներդնեն համաշխարհային այդ խնդիրը լուծելու ուղղությամբ:

Պուտինը նաեւ շեշտել է, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն են աշխարհում ամենահզոր միջուկային տերությունները, որոնք չպետք է իրենց հարաբերությունները կառուցեն հակադրությունների վրա: Հիշատակելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խնդիրը՝ ՌԴ նախագահը իր զարմանքն է արտահայտել այն կապակցությամբ, որ ԱՄՆ Սենատում փորձում են նոր սանկցիաներ սահմանել: Ըստ նրա, որեւէ նոր ու արտակարգ բան չի պատահել, ինչու են ամերիկացիները խառնվել իրար ու ձգտում նոր գործողությունների:

Պուտինի կարծիքով, այդ ամենը տեղի է ունենում բացառապես Ռուսաստանը ծնկի բերելու քաղաքականության շրջանակներում: ՌԴ նախագահը վստահ է, որ եթե չլինեին Ղրիմի հարցն ու Ուկրաինայի արեւելքում ծավալվող գործողությունները, ՌԴ-ի թշնամիները հաստատապես մի նոր պատրվակ կգտնեին՝ նույնատիպ քաղաքականությունը շարունակելու համար: Նա ընդգծել է, որ ՌԴ-ն արդեն սովոր է հարվածներ ստանալ ինքնուրույն գործելու եւ սեփական ոտքերի վրա կանգնել փորձելու համար: Ավելին՝ ՌԴ նախագահը դրական է գնահատել իր երկրի դեմ սահմանված պատժամիջոցների ազդեցությունը, ինչը հնարավորություն է տվել ռուսներին ապավինել սեփական ուժերին, «տաղանդին ու խելքին»: Ըստ նրա՝ Ռուսաստանը դրանց արդյունքում է սկսել զարգացնել սեփական արտադրությունը՝ մասնավորապես առաջընթաց արձանագրելով խոզաբուծության ու թռչնաբուծության բնագավառներում եւ այժմ էլ կանգնել նոր շուկաներ որոնելու խնդրի առաջ: ՌԴ նախագահը խոսել է նաեւ Ուկրաինայի հետ հարաբերությունների մասին՝ արձագանքելով վերջինիս նախագահ Պետրո Պորոշենկոյի վերջերս արած աղմկահարույց հայտարարություններից մեկին:

Հիշեցնենք, որ Պորոշենկոն ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման կապակցությամբ հայտարել էր, որ Ուկրաինան գնում է դեպի Եվրոպա՝ ետեւում թողնելով Ռուսաստանը: Ուկրաինայի նախագահը մեջբերել էր ռուս բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի հայտնի բանաստեղծության խոսքերը. «Հաջողություն, անլվա Ռուսաստան»: Պուտինը նախ ծաղրաբար գովաբանել է ուկրաինացի պաշտոնակցին՝ ռուսական դասական գրականությանը ծանոթ լինելու համար, այնուհետեւ հավելել է, որ Պորոշենկոն պիտի հիշեր նաեւ նույն բանաստեղծության հաջորդ տողերը, որտեղ հեղինակը ձգտում էր խուսափել ռուսական ցարերի՝ ամեն ինչ տեսնող աչքերից եւ ամեն ինչ լսող ականջներից: Նա խորհուրդ է տվել Պորոշենկոյին շատ չհանգստանալ, քանզի ամեն ժամ կարող է ինչ-որ բան պատահել:

Արտահայտելով իր ցանկությունը՝ չմիջամտել Ուկրաինայի քաղաքականությանը, Պուտինը ակնհայտորեն նման ձեւակերպումներով դիմում է մե՛րթ շանտաժի, մե՛րթ սադրանքի տակտիկային: Ավարտելով Ուկրաինայի թեման՝ Պուտինը հիշեցրել է ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շեւչենկոյի հայտնի տողերը, որոնց համաձայն՝ Ուկրաինան անդունդի եզրին է, եւ դրանում մեղավոր են իր իսկ զավակները:

Հաշվի առնելով հանգամանքը, որը Հայաստանի պետական-կառավարման էլիտան ամեն հարցում փորձում է կապկել Ռուսաստանին, պարզապես զարմանալի է, որ Սերժ Սարգսյանն էլ նման մի «ուղիղ կապ» չի ստեղծում իր համերկրացիների հետ: Նրա հարցազրույցներն ու շփումները մամուլի ասուլիսների տեսքով այնքան քիչ են, որ անխուսափելիորեն կհայտնվեին քաղաքականության «կարմիր գրքում», եթե նման բան գոյություն ունենար:

Սերժ Սարգսյանը միայն 2008թ մարտի 1-ից հետո է պատասխանել համացանցի միջոցով իրեն ուղղված հարցերին՝ այն էլ օգտվելով առիթից, որ իշխանության կարծիքին հակառակ ցանկացած խոսք ու ԶԼՄ պարզապես բռնությամբ լռեցված էր: Բայց նրա այդ հարցուպատասխանի ժամանակ հնչած հարցերը բավական էին, որ հետագա պաշտոնավարման ընթացքում խուսափի նման միջոցառումից: Հիշեցնենք, որ այդ հարցուպատասխանի ժամանակ Սերժ Սարգսյանը պատմել էր, որ կազինո չէր խաղում, ինչպես նաեւ հրաժարվել էր երկխոսել իրեն «մոնղոլ-թաթար եւ բանդիտ» անվանած ընդդիմության հետ: Իսկ նրա այդ հարցազրույցը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնն ԱՄՆ Պետդեպին գրած խորհրդապահական զեկուցագրում որակել էր «գորշ ու չստացված»:

Ն. Հովսեփյան




Լրահոս