Թեեւ իշխող Հանրապետականին ԱԺ ընտրություններում հաջողվեց բացարձակ մեծամասնություն կազմել, սակայն համատարած ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի եւ ճնշումների արդյունքում ձեռք բերված հաղթանակը նրանց վրա բավական թանկ է նստելու: Այդ մասին է վկայում ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի եւ ՀՀԿ-ականների միջեւ արդեն երկու շաբաթ շարունակվող փոխհրաձգությունը: Հիմա դրան միանում են նաեւ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա մյուս դեսպանները՝ բնականաբար, պաշտպանելով եվրոպացի իրենց գործընկերոջը:
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ՀՀ-ում ԵՄ դեսպանի քննադատություններին ի պատասխան՝ իշխանությունները նրան հորդորել էին չմիջամտել Հայաստանի ներքին գործերին: Դրանից մի քանի օր անց Սվիտալսկին բավական կոպիտ էր պատասխանել իշխանություններին. նախ՝ կոչ էր արել կարծիք հայտնելուց առաջ մտածել, նաեւ հայտարարել էր, թե որոշ հարցերի վերաբերյալ ԵՄ-ն ոչ միայն իրավունք ունի խոսելու, այլեւ պարտավոր է այդպես վարվել, քանի որ ԵՄ-ի առաջ ՀՀ իշխանությունները պարտավորություններ են ստանձնել, հիշեցրել էր, թե իշխանություններն էին խնդրել իրենց ֆինանսական աջակցություն տրամադրել: «Ուրախ եմ, որ հայերը շատ լավ հասկանում են, որ Հայաստանի ինքնիշխանությանն սպառնացող վտանգները այլ տեղ են թաքնված եւ ոչ մեր բարեկամական աջակցության մեջ»,- հասկացրել էր Սվիտալսկին:
Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան է հայտարարել, թե հայտարարությունները Հայաստանի ներքին գործերի հետ կապ չունեն: «Պարոն Սվիտալսկիին աջակցում են ԵՄ անդամ պետությունները: Չեխիան նույնպես ֆինանսապես աջակցել է ընտրական գործընթացում դիտորդական առաքելության անցկացմանը, իհարկե, ավելի նվազ գումարով, քան ԵՄ-ն ընդհանուր: Կարծում եմ՝ մի քանի հայ պաշտոնյաների արձագանքները մի փոքր չափազանցված էին: Հենց Հայաստանի կառավարության ցանկությունն էր, որ միջազգային կառույցներն աջակցեն ընտրական գործընթացին: Հայաստանը ստորագրել է մի շարք միջազգային համաձայնագրեր, որոնք իրենցից ենթադրում են հստակ պարտավորությունների շրջանակ: Չեմ կարծում, որ պարոն Սվիտալսկին իրավունք չունի արտահայտելու իր կարծիքը՝ այս ամենի հետ կապված»,- ասել է Չեխիայի դեսպանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ եվրոպացի դեսպաններն արդեն դիվանագիտական խողովակներով իշխանությունների մոտ իրենց դժգոհությունն են հայտնել կատարվածի վերաբերյալ, նույնիսկ հիշեցրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցում մատնանշված փաստերը ընտրակաշառքի, վարչական ռեսուրսների ու ահաբեկումների մասին, նույնիսկ մեջբերել իրենց հետ ընտրություններից հետո տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի խոսքերը, որտեղ նա շնորհակալություն էր հայտնել գնահատականների համար: Նույն աղբյուրների պնդմամբ՝ դեսպաններից մի քանիսը ցանկանում է նաեւ հրապարակային հայտարարություններով հանդես գալ ու պաշտպանել Սվիտալսկիին: Խոսքը մանավանդ այն դեսպանների մասին է, որոնց երկրները ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Հայաստանին՝ ընտրական գործընթացների կազմակերպման համար:
Բայց հետաքրքիրն այն է, որ իշխանությունների ու դեսպանների միջեւ հեռակա բանավեճը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել այցի նախաշեմին: Սա հազիվ թե պատահականություն լիներ: Առավել եւս, երբ Սվիտալսկին մեկ անգամ չէ, որ քննադատել է խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ անգամ ասելով, որ քաղաքական կոռուպցիան սպառնում է երկրի ապագային: Սակայն իշխանությունները երբեք այդպես կտրուկ չէին հակադարձել նրան:
Ի դեպ, այս համատեքստում ուշագրավ մեկ փաստ եւս. Բրյուսելում Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ ընդլայնված կազմով գագաթնաժողովին, անգամ ելույթ է ունեցել: Միայն թե նրա ելույթի բովանդակությունը նախագահականի կայքում երեկ այդպես էլ չէր հրապարակվել: Ընդամենը նշված էր, թե Ս. Սարգսյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած «խորհրդարանական ընտրություններին, արձանագրված առաջընթացին, Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության եւ անվտանգության ապահովման խնդիրներին»:
Մինչդեռ հետաքրքիր էր իմանալ, թե հատկապես ԱԺ ընտրությունների մասին ի՞նչ հայտարարություններ է արել Սերժ Սարգսյանը, արդյո՞ք նա կարեւորել է ԵՄ-ի ցուցաբերած ֆինանսական աջակցությունը, որի դեմ այսօր Հայաստանում «բողոքում են» ՀՀԿ-ականները, արդյո՞ք որեւէ կերպ նա փորձել է արդարացնել այն բոլոր բացասական երեւույթները, որոնց մասին մատնանշել էին ե՛ւ եվրոպացի դիտորդները, ե՛ւ դեսպանները: Ու վերջապես, արդյո՞ք եվրոպացիներից Սերժ Սարգսյանը հերթական ֆինանսական օգնությունն է խնդրել, թե՞ համարելով դա Հայաստանի ներքին գործերին խառնվելու փորձ՝ որոշել է զրկվել մի քանի միլիոն եվրոյից: Ամեն դեպքում՝ հետաքրքիր է:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ