40 քրեական գործ քննող դատավորները հարցաքննվում են. ինչ է կատարվում ՀՔԾ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել դատավորների դեմ կայացրած վճիռների կատարվման վերաբերյալ: Այդ քրեական գործով անցնում է քրեական գործեր քննող շուրջ 40 դատավոր, որոնց մի մասին արդեն հարցաքննել են:

Տեւական ժամանակ է, ինչ դատական համակարգի արշալույսները այնքան էլ խաղաղ չեն. դատական համակարգը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:

Այս տարվա ընթացքում երեք դատավոր են կալանավորվել, մասնավորապես մայիսի 11-ին Արարատի եւ Վայոց ձոր մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի նստավայրում ձերբակալվեց դատավոր Լեւոն Արազյանը, հունիսի 6-ին ձերբակալվեցին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը եւ նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, դատավորները մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ:

Ու մինչ այս գործերով քննությունները շարունակվում են, դատական համակարգում աղմկահարույց դեպքերը շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ իրավապահ մարմինները մի նոր քրեական գործ են հարուցել դատական համակարգում առկա խնդիներից մեկի մասով, եւ շուրջ 40 քրեական գործ քննող դատավորներ հրավիրվում են հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: Ավելին՝ մեզ հայտնի է դարձել, թե մասնավորապես ինչ են բացահայտել իրավապահները, որ քննություն են սկսել եւ հարցաքննության են հրավիրում քրեական գործեր քննող դատավորներին:

Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործեր քննող դատավորները քրեական որեւէ գործով վճիռ են կայացրել եւ, օրինակ, մեղադրյալին ազատազրկման են դատապարտել 3 տարի ժամկետով: Ըստ էության կայացրած վճիռից հետո դատավորը կամ նրա օգնականը պետք է համապատասխան մարմիններին ուղարկեին գրությունը, որ այս կամ այն գործով մեղադրյալը, որը գտնվում է ազատության մեջ, դատարանի որոշմամբ ազատազրկման է դատապարտվել 3 տարի ժամկետով, ուստի անհրաժեշտ է տվյալ անձին կալանավորել եւ տեղափոխել քրեակատարողական հիմնարկ:

Սակայն դատավորները վճիռը կայացրել են, բայց կայացրած վճիռի հետագա կատարման հարցը թողել են օդից կախված: Ասել է, թե դատավորը կամ նրա օգնականը պետք է համապատասխան գրությունը կամ ցուցումը ուղարկեին իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ այս կամ այն քաղաքացին պետք է գտնվի կալանքի տակ, քանի որ կա դատարանի որոշումը, սակայն դա չեն իրականացրել: Ուստի ստեղծվել է մի իրավիճակ, որ քրեական գործերի կատարման հետագա ընթացքը մնացել է օդից կախված:

Եվ ահա այստեղ էլ «թաղված է շան գլուխը»: Այս հանգամանքը հայտնի է դարձել իրավապահ համակարգին, եւ մի քանի նմանօրինակ քրեական գործեր ձեռքի տակ ունենալով՝ համակարգում հարուցել են քրեական գործ ու դատական համակարգում քրեական գործեր քննող շուրջ 40 դատավորների կանչում են հարցաքննության:
Իսկ ինչ են ուզում պարզել ՀՔԾ քննիչները: Մեզ հայտնի դարձավ, որ վերջիններս փորձում են պարզել, թե դատավորները անփութությո՞ւն են ցուցաբերել՝ իրենց կայացրած վճիռների կատարումները չիրականացնելով, թե՞ այլ շահագրգռվածություն են ունեցել, որ չեն իրականացրել:

Ավելին՝ մեզ տեղեկություններ հասան, թե, օրինակ, մոտ օրերս դատավորներ են հրավիրվել հարցաքննության հատուկ քննչական ծառայություն: Մասնավորապես մեզ հասած տեղեկություններով՝ հարցաքննված դատավորներից են եղել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը եւ շատ այլ դատավորներ:

«Ժողովուրդ»-ը տեղեկությունը պարզելու նպատակով դիմեց հատուկ քննչական ծառայություն, որտեղից ո՛չ հերքեցին եւ ո՛չ էլ հաստատեցին, որ իրենց վարույթում նման քրեական գործ է քննվում:

Քնար Մանուկյան




Լրահոս