
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը վստահեցնում է, որ այս պահին սահմանում լարվածություն չկա: «Առաջապահ ստորաբաժանումները լիարժեք տիրապետում են սահմանային իրավիճակին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Անդրադառնալով միջազգային և տեղական այն վերլուծություններին, իբր թե Արցախի գլխին պատերազմի ամպեր են կուտակվել, գլխավոր շտաբի պետն ասաց, որ չի կարող մեկնաբանել դրանք, քանի որ չի կարդացել: «Զինված ուժերն ունեն իրենց վերլուծությունները, որոնք փաստում են, որ հայկական զինուժը լիարժեք կարող է կանխել պատերազմը և հարկ եղած դեպքում նաև կազմակերպել պաշտպանություն»,- նշեց Մովսես Հակոբյանը: